Մակունցը ամերիկահայ համայնքի դեմ ոստիկան է կանչել

2377
Լիլիթ Մակունց

Pastinfo.am-ը գրում է․

Օրերս ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի երիտասարդական թևի ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության առջև։ Համայնքի բողոքների հիմնական պատճառներն են՝ հայ-թուրքական մերձեցման նոր գործընթացի և հայ ռազմագերիների առկայության ֆոնին որևէ տոնակատարության կազմակերպում։ Հատուկ բողոք էր ներկայացվել Լիլիթ Մակունցի դեսպան նշանակման դեմ, որի կարգախոսն էր, որ Հայաստանն արժանի է ավելի պրոֆեսիոնալ պաշտոնյաների։

Հատկանշանակ է, որ Լիլիթ Մակունցը խնդիրներ ունի ոչ միայն համայնքային ավանդական կազմակերպությունների, այլ նաև Հայ առաքելական եկեղեցու հետ․ բանն այն է, որ Մակունցին դեմ են արտահայտվել նաև եկեղեցու սպասավորները և ծխի անդամները՝ բացահայտ ասելով, որ վերջինիս ներկայությունը ու ՀՀ պաշտոնյաների համար նախատեսված պատվավոր տեղը զբաղեցնելը ողջունելի չէ։ Նա կարող է միայն պատարագների մասնակցել որպես համայնքի շարքային ներկայացուցիչ։

Սա միակ նորարարությունը չէ, որ Լիլիթ Մակունցի նշանակմամբ տեղի է ունեցել։ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների ցույցից «վախեցած դեսպանը» փորձել է պաշտպանվել ամերիկյան ոստիկանությամբ, որի ներկայացուցիչները ամբողջ ընթացքում ներկա են եղել։ Նշենք, որ 2018թ․, երբ Հայաստանում տեղի ունեցող հեղափոխության ժամանակ հայ համայնքի ներկայացուցիչները ցույց էին կազմակերպել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության առջև, ոչ միայն չի եղել ամերիկյան ոստիկանության կամ անվտանգության որևէ ներկայացուցիչ, այլ հայկական դեսպանության դռները բացվել են բողոքի ակցիայի մասնակիցների առաջ և վերջիններիս հետ հանդիպել են դեսպանության աշխատակիցները։ Փաստորեն, ժողովրդի պահանջով և մանդատով իշխանության եկան անձինք այժմ օտարերկրյա ոստիկանությամբ պաշտպանվում են այդ նույն ժողովրդից։