ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերի կոմիտեն անհանգստություն է հայտնել Հայաստանում խաղաղ հավաքների չհիմնավորված սահմանափակումների, խաղաղ ցույցերին ոստիկանության միջամտության, ինչպես նաեւ բողոքի ցույցերի ժամանակ մասնակիցների՝ ոստիկանության կողմից ըստ քմահաճության ձերբակալման ու բերման ենթարկման հետ կապված։ Այս մասին հայտնում է ՄԱԿ մամուլի ծառայությունը։ Զեկույցի հեղինակները Հայաստանին հորդորել են կրճատել ցույցերի ժամանակ ոստիկանների ներկայությունը, հետաքննել անհամաչափ ուժի կիրառման, ըստ քմահաճության ձերբակալությունների եւ բերման ենթարկումների մասին բոլոր հաղորդումները։
Կոմիտեի անդամները Հայաստանին կոչ են արել ապահովել Հայաստանի ներքին օրենսդրության ամբողջական համապատասխանությունը ՄԱԿ պաշտոնատար անձանց կողմից հանուն կարգուկանոնի պահպանման ուժի կիրառման եւ հրազենի կիրառման մասին ունեցած սկզբունքներին, ինչպես նաեւ իրավապահ մարմինների կողմից նվազ մահաբեր զենքի կիրառման ընթացքում մարդու իրավունքների պահպանման մասին ցուցումներին։ Խոսելով դատարանների անկախության մասին՝ կոմիտեն անհանգստություն է հայտնել դատարանների վրա գործադիր եւ օրենսդիր իշխանությունների կողմից ազդեցություն գործելու փորձերի հետ կապված։ Մասնագետների մոտ առաջացել են հարցեր՝ կապված դատավորների եւ դատախազների նշանակման գործընթացների, մասնավորապես՝ թեկնածուների ընտրության եւ նշանակման հետ կապված։ Հայաստանին խորհուրդ է տրվել կոմիտեի կողմից ապահովել դատավորների եւ դատախազների պաշտպանությունը ցանկացած ճնշման եւ միջամտության ձեւերից ու փորձերից եւ երաշխավորել նրանց անվտանգությունը։











