ՄԱԿ-ն աջակցում է ցանկացած դիվանագիտական ջանք, որ ներդրվում է Լեռնային Ղարաբաղյան հակամարտությունում առկա լարվածությունը թուլացնելու համար եւ նպաստում բանակցությունների վերսկսմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը, մեկնաբանելով լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ Ղարաբաղյան օրակարգով այսօր Վաշինգտոնում կայանալիք Պոմպեո-Բայրամով եւ Պոմպեո-Մնացականյան հանդիպումները։
Նա նաեւ հիշեցրել է, որ հակամարտության գոտում իրադրության սրացումից ի վեր, գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կապ է պահպանել երկու երկրների ԱԳ նախարարների հետ եւ մշտապես կոչ արել դադարեցնել արյունահեղությունը։ Դյուժարիկը նաեւ մանրամասնել է, որ այսօրվա հանդիպմանը, բացի Պետքարտուղարից եւ նախարարներից, մասնակցելու է նաեւ համանախագահներից մեկը։














