ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Երևանին և Բաքվին վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ հովանու ներքո

16
Անտոնիո Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել Երևանին և Բաքվին վերսկսել բանակցությունները Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) հովանու ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար: Այս մասին հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Գուտերեշը Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին և ժողովուրդներին կոչ է արել կանգնել երկխոսության ուղու վրա, որը տանում է դեպի տարածաշրջանային խաղաղություն, կայունություն և բարգավաճում:

Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է բավարարել հումանիտար կարիքները հակամարտությունից տուժած բոլոր շրջաններում և համապատասխան հարցում ստանալու դեպքում ավելացնել Հայաստանի և Ադրբեջանի օգնությունը:

Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագիրը և կոչ արել «բոլոր կողմերին շարունակել կատարել դրա դրույթները, ինչպես նաև նրանց միջազգային պարտավորությունները, հատկապես միջազգային հումանիտար իրավունքի և մարդու իրավունքների պահպանման ոլորտում»: