Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջին անգամ ընդունել է Ֆրանսիայի պատասխանատվությունը Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության համար, որի ընթացքում 1994 թվականի ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում սպանվել է շուրջ 800 000 մարդ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Ֆրանսիան իր դերն է խաղացել և քաղաքականապես պատասխանատու է Ռուանդայում տեղի ունեցած իրադարձությունների համար: Ֆրանսիան նաև պարտավոր է առերեսվել պատմությանը և խոստովանել, որ ինքը տառապանք է պատճառել Ռուանդայի ժողովրդին` իրեն երկար լռություն թույլ տալով ճշմարտության քննության առջև … Ֆրանսիան չի հասկացել, որ, ձգտելով կանխել տարածաշրջանային հակամարտությունը կամ քաղաքացիական պատերազմը, փաստացիորեն կողմնակից է դարձել ցեղասպան ռեժիմին»,-ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով Ռուանդայի Գիսոզի քաղաքում գտնվող Ցեղասպանության զոհերի հիշատակի կենտրոնում:
Նա նաև ներողություն է խնդրել Ռուանդայի ժողովրդից:
Ֆրանսիան ապրիլի 7-ին բացել է արխիվները, որոնք վերաբերում էին Ռուանդայում 1994 թվականին իրականացված ցեղասպանությանը, որի հետևանքով զոհվել է շուրջ 800 000 մարդ:














