Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ հանդիպումներ է անցկացրել քաղաքում գործող հրեական մի շարք կազմակերպությունների ղեկավարության ու ներկայացուցիչների հետ:
Հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Կազմակերպությունների թվում են Ամերիկայի հրեական կոմիտեն, Սիմոն Վիզենտալի կենտրոնը, ԱՄՆ-ում իրանական հրեաների դաշնությունը», – հայտնել է ԼԱ-ում գործող ադրբեջանական Գլխավոր հյուպատոսությանը:
Լոս Անջելեսը Նյու Յորքից հետո ԱՄՆ-ում երկրորդ տեղն է զբաղեցնում այնտեղ բնակվող հրեաների թվով (700 հազար մարդ):
«Հանդիպումներին մտքերի լայն փոխանակություն է տեղի ունեցել Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին իրավիճակի, Ադրբեջանում Հայրենական պատերազմի և դրա հետևանքների վերաբերյալ», – գրել է ադրբեջանական հյուպատոսությունը:
Նշենք, որ որպես «Հայրենական պատերազմ» ադրբեջանական կողմը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը։
Գլխավոր հյուպատոս Աղաևը հույս է հայտնել, որ «2020 թվականի նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված հայտարարությունը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղությանն ու կայունությանը»: Աղաևը նշել է, որ երկար դարեր Ադրբեջանում «խաղաղության ու ներդաշնակության մեջ ապրող» հրեական համայնքի գոյությունը «լրացուցիչ խթան է տալիս» Իսրայելի հետ ամուր գործընկերային կապերի զարգացմանը:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանում 30 հազար հրեաները «խաղաղ ու ներդաշնակ են ապրում մահմեդականների ու քրիստոնյաների հետ»:
Ադրբեջանցի դիվանագետի քայլերն ու խոսքերը հստակ ընդգծում են այն, որ Ադրբեջանը հսկայական լոբբիստական աշխատանք է տանում Թուրքիայի Հանրապետության աջակցությամբ սանձազերծած պատերազմը միջազգային հանրության և ազդեցիկ հրեական համայքի աչքերի առջև արդարացնելու ուղղությամբ։ Բացի այդ, փորձ է արվում ցույց տալ, թե իբր ազգային փոքրամասնությունները կարողանում են հանգիստ ապրել Ադրբեջանում։
Ինչ վերաբերում է հրեական խոշոր կազմակերպությունների հետ հանդիպումներին, ապա դա ուղղված է Իսրայել Պետության հետ հարաբերություններն ամրապնդելուն։














