Ո՞ւր են հայերը. Գիշերը Լիոնում հարյուրավոր թուրքեր փողոցներում փնտրել են հայեր և սպառնալիքներ հնչեցրել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

145

Ֆրանսիայի Լիոն քաղաքում հարյուրավոր թուրքեր գիշերը պարետային ժամի պայմաններում փողոց են դուրս եկել՝ որոնելով հայերի բիզնես տարածքներ, դրանք ավերելու նպատակով:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան հայ ցուցարարները փակել էին դեպի Վալանս եւ Վիեն տանող մայրուղին 2 ուղղություններով՝ իրենց բողոքը հայտնելով Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Արցախի նկատմամբ ագրեսիայի դեմ: Այդ ակցիայի ժամանակ մի խումբ թուրքեր մուրճերով ու դանակներով հարձակվել էին հայ ցուցարարների վրա: 10-ից ավելի մարդ է տուժել, այդ թվում երեխա:

«Նիդերլանդական օրագիրը» թարգմանաբար մանրամասներ է ներկայացրել ledauphine.com կայքից, որտեղ նշվում է. «Առավոտ վաղ երկու համայնքների միջև լարվածությունը փոփոխության ենթարկվեց Վիեննի հիվանդանոցում, որտեղ մուրճի հարված ստացած հայ երիտասարդը հոսպիտալացվել էր: Երբ թուրքական համայնքից ինչ-որ մեկը այստեղ եկավ բուժման, հայացքներ փոխանակվեցին հայկական կողմում գտնվող տասնհինգ հոգու հետ: «Ոչ մի կռիվ, ոչ մի խոսք չի փոխանակվել, թեև լարված էր մթնոլորտը», – հայտնել է ոստիկանությունը, որը բոլորին, բացի տուժողի ծնողներից ու քրոջից դուրս է հրավիրել այդ վայրից»:

Իսկ արդեն գիշերը, ոստիկանության գնահատականով՝ 150 հոգուց բաղկացած թուրքական ամբոխը փողոցներում սպառնալիքներ էր վանկարկում հայերի հասցեին. «Ալլահ Աքբար», «Ո՞ւր են հայերը»:

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրքերի ամբոխը հարձակվել է նաեւ ոստիկանների վրա, սակայն վերջիններս հանդես են բերել սառնասրտություն: