Լավրովը պատմել է ԼՂ-ում հրադադարի հասնելու հարցում Թուրքիայի հետ փոխգործակցության մասին

11
Սերգեյ Լավրով

Ռուսաստանը կոչ է անում արտաքին դերակատարներին օգտագործել իրենց հնարավորությունները Մերձավոր Արեւելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի վարձկանների տեղափոխումը կանխելու համար, որոնց թիվն արդեն մոտենում է 2 հազարի: Ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է   Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Հայտնում է Արմենպրեսը։

«Մեզ, իհարկե, մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արեւելքից գրոհայինների ներգրավումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին դերակատարներին օգտագործել իրենց հնարավորությունները ՝ կանխելու վարձկանների տեղափոխումը, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, արդեն մոտենում է երկու հազարի։ Այս թեման, մասնավորապես, շոշափվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հոկտեմբերի 27-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ կանոնավոր շփումների ժամանակ: Համառորեն շարունակում ենք տարբեր խողովակներով առաջ տանել մեր դիրքորոշումը», – ասել է Լավրովը:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի փոխգործակցել Թուրքիայի հետ և օգտագործել տարածաշրջանում իր ողջ ազդեցությունը ԼՂ հակամարտության ռազմական լուծումը կանխելու համար:

Լավրովի խոսքով ՝ ռուս եւ թուրք դիվանագետների, զինվորականների եւ հատուկ ծառայությունների գործնական եւ առարկայական փոխգործակցության ակնառու օրինակներ են Սիրիան և Լիբիան:

«Լեռնային Ղարաբաղի դեպքում իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է, ինչի մասին ես մասամբ ասել եմ նախորդ հարցերի պատասխաններում: Կրկնեմ ՝ երբեք չենք թաքցրել ու չենք թաքցնում, որ չենք պաշտպանում ճգնաժամի կարգավորման ուժային ուղին, ձգտում ենք մարտական գործողությունների շուտափույթ դադարեցմանը», – նշել է Լավրովը: