Լավրովը բողոքել է Արևմուտքից․ փորձում են Ռուսաստանը շրջապատել «սանիտարական շղթայով»

58
Սերգեյ Լավրով

«Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը. հաջողություններ, մարտահրավերներ, խնդիրներ և հեռանկարներ» վեբինարում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ արևմտյան երկրները փորձում են Ռուսաստանի շուրջը անկայունության գոտի ստեղծել, շրջապատել այն որոշակի «սանիտարական շղթայով»։

Նախարարի խոսքով՝ նման փորձեր են արվում Ռուսաստանի մոտ հարևանների ու գործընկերների, այդ թվում` Բելառուսի ու Մոլդովայի հաշվին:

«…Մեր շուրջը փորձում են անկայունության գոտի ձևավորել՝ մեր մոտ հարևաններին, մեր եղբայրական ժողովուրդներին ստիպելով ընտրություն կատարել` «կա՛մ Արևմուտքի հետ ես, կա՛մ Ռուսաստանի Դաշնության», ուզում են ամենատարբեր ձևերով` և՛ ռազմական, և՛ տնտեսական, յուրացնել մեր երկրի շուրջը եղած տարածքներն ու մեզ շրջապատել «սանիտարական շղթայով», հետն էլ ինչ-որ օգուտ քաղել այն բանից, որ Արևմուտքը որոշիչ ազդեցություն կունենա մեր հարևան երկրների զարգացման վրա», – ասել է Լավրովը:

Նրա խոսքով՝ Արևմուտքի այս գիծը ամենավառ կերպով դրսևորվեց Ուկրաինայում, գունավոր հեղափոխությունների մեթոդները փորձեցին գործարկել վերջին ամիսներին Բելառուսում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու ԵՄ երկրները աշխարհաքաղաքական պայքար են ծավալել Մոլդովայի համար՝ չխորշելով նախընտրական քարոզարշավի ընթացքում բաց քարոզչությունից:

«Հիմա էլ մեր արևմտյան գործընկերները փորձում են ընդլայնել իրենց ներկայությունը, այդ թվում՝ ռազմական, մեր սահմանների պարագծով` ներառյալ և՛ Կենտրոնական Ասիան, և՛ Անդրկովկասը», – ավելացրել է Լավրովը:

Այդ փորձերի վերջնական նպատակը, նրա կարծիքով, Պետդումայի առաջիկա ընտրությունների նախաշեմին Ռուսաստանի ներսում իրադրությունն ապակայունացնելն է: