Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծած իրավիճակը

36

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը չորեքշաբթի քննարկել են սիրիական ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը: Տեղեկությունը նշված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ Ռեյկյավիկում Արկտիկական խորհրդի նախարարական նստաշրջանի շրջանակում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ տարածված գրավոր հայտարարության մեջ։ Հանդիպումը գրեթե երկու ժամ է տևել:

«Պետքարտուղարն ընդգծել է Սիրիայի ժողովրդի համար մարդասիրական ապահովման հրատապ հասանելիության անհրաժեշտությունը, նրանք նաև քննարկել են տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման որոնումը», – նշել է դիվանագետը:

Պետդեպարտամենտը նշում է, որ Բլինկենն ու Լավրովը նաև քննարկել են թեմաներ, որոնց շուրջ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն է ներկայացնում երկու երկրների համար։ Դրանց թվում են ռազմավարական կայունությունը, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրերի զսպումը, Աֆղանստանը։

«Պետքարտուղարն ու արտաքին գործերի նախարարը պայմանավորվել են հետագայում շարունակել քննարկումները»,– ավելացրել են Պետդեպարտամենտում:

Լավրովը հայտարարել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ զեկույցները կներկայացվեն երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինին և Ջո Բայդենին: Նա ավելացրել է, որ առաջնորդները կորոշեն երկկողմ հարաբերությունները շտկելու հետագա ուղիները։