Լաչինի միջանցքում հավաքված ադրբեջանցիները բնապահպաններ չեն, հատուկ ջոկատայիններ են, որոնք լավ տիրապետում են հայերենին: Ակնհայտ է, որ այս ամենը Արդրբեջանի նախագահի մակարդակով կազմակերպված գործողություններ են Արցախի բնակչությանն ահաբեկելու և հումանիտար աղետ ստեղծելու համար: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Պատգամավորի փոխանցմամբ, Լաչինի միջանցքում իրավիճակը չի փոխվել, ադրբեջանցիները պահանջ են դնում մուտք գործել Մարտակերտում գտնվող հանքավայր և վերահսկել այն, ինչը եռակողմ հայտարարության կոպիտ խախտում և չեղարկում է, քանի որ իրենք իրավունք չունեն այնտեղ լինելու:
Հակոբյանի համոզմամբ, Ադրբեջանը նման գործողությունների է դիմում, որ Սյունիքի հատվածից միջանցք ստանա, քանի որ Ալիևը դեռ ամիսներ առաջ է հոխորտացել, որ եթե Սյունիքով միջանցք չտրվի իրենց, փակելու են Արցախը ՀՀ-ին կապող կենսական ճաապարհը:











