Կրեմլից պատասխանել են Փաշինյանին

283

Այսօր Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգից ընտանիքով վերադառնալուց մեկ օր անց հայտարարել է, որ Մոսկվայից գնահատականների է սպասում Բերձորի միջանցքի հետ կապված։ Իհարկե, զավեշտալի է, որ մեկ օր առաջ երկկողմ հանդիպում ունենալով անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, վերջինիս ուղիղ հարցումներ անելու փոխարեն, այստեղից է ինչ-որ պահանջեր ներկայացնում։ Իսկ ինչու այդ հարցերը չի տվել Պուտինին, ինչու էր Պետերբուրգում մոլորյալի պես թանգարանում աջ ու ձախ նայում, իսկ Երևանում այսպես ջղաձգումների մեջ է։

Հավելենք, որ Սանկտ Պետերբուրգի Պուտին-Փաշինյան հանդիպման վերաբերյալ այդպես էլ պաշտոնական որևէ հաղորդագրություն չտարածվեց։

Բայց պարզվում է՝ Բերձորի միջանցքի արդեն 2 շաբաթից ավել փակ լինելու հարցը մանրամասն քննարկվել է նույն Պուտինի հետ, այս մասին այսօր հայտնել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին մանրամասն քննարկել են Բերձորի միջանցքի հարցը, Ռուսաստանն անհանգստացած է տարածաշրջանում առկա լարվածությամբ»,- հայտարարել է Պեսկովը։

Նշանակում է՝ Փաշինյանը շատ լավ տեղյակ է Մոսկվայի քաղաքական գնահատականներին, պարզապես փորձում է խաղալ հանրության տրամադրությունների հետ՝ հերթական անգամ իրեն պատասխանատուի կարգավիճակից վանելով և հերթական անգամ մտնելով ինչ-որ խաղերի մեջ, որոնք հանգեցնելու են հերթական կապիտուլիացիոն փաստաթղթին։

Իսկ Փաշինյանի այն հարցադրմանը, որ եթե ռուս խաղաղապահները չեն կարողանում միջանցքի վերահսկողությունն իրականցնել, ուրեմն ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեն Արցախում, Պեսկովը պատասխանել է․ «Ռուս խաղաղապահներին միջազգային մանդատով օժտելու կամ ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահներ ներգրավելու համար, հարկավոր է հակամարտության կողմերի համաձայնությունը։ Եվ դա ոչ միայն Հայաստանն է, այլ նաև Ադրբեջանը»։

Հիշեցնենք, որ Արցախն արդեն 18 օր շրջափակված է ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» կողմից։ Ռուս խաղաղապահներն առաջին օրերին արգելապատնեշ էին դրել նրանց առաջ, բայց օրերս նրանք հեռացրին և՛ արգելապատնեշները, և՛ իրենց վրանները։ Նրանք նաև արցախցիներին հայտնել էին, որ դեկտեմբերի 26-ին ճանապարհը կբացվի՝ հույս հայտնելով դեպտեմբերի 26-27-ի հանդիպումները Պետերբուրգում, բայց ինչպես տեսնում ենք, հանդիպումներն արդյունք չեն տվել, իսկ Արցախը Հայաստանին կապող ճանապարհը շարունակում է փակ մնալ։