Խորհրդային քարտեզները պահվում են միայն մեզ մոտ․ Հայաստանը և Ադրբեջանը կողմ են այդ քարտեզներով սահմանազատմանը․ Մատվիենկո

298

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցերին: Այս մասին հայտնում է senatinform.ru-ն:

Մատվիենկոյի խոսքով՝ այսօր գլխավոր խնդիրը սահմանազատումն է այնպես, որ ոչ մեկի մոտ ցանկություն չառաջանա վերսկսելու ռազմական գործողությունները:

«Ռուսաստանն աջակցություն է առաջարկել՝ հաշվի առնելով, որ խորհրդային քարտեզները պահվում են միայն մեզ մոտ՝ պաշտպանության նախարարությունում: Դրանք ստուգված են, ճշգրիտ են և բնորոշում են հստակ սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցություններ վստահաբար կարելի է վարել այդ քարտեզների հիման վրա, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կողմ են այդ մոտեցմանը… ըմբռնում և համաձայնություն կա, սակայն գործընթացը դանդաղ է առաջ գնում: Դրա պատճառով որոշակի լարվածությունը շարունակվում է»,- հավելել է ՌԴ խորհրդարանի վերին պալատի խոսնակը: