Խաղաղապահները կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի կողմերի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքում

16

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունները դադարեցված են. շարունակվում է Լեռնային Ղարաբաղի տարածք և Լաչինի միջանցք ռուս խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումը: Ռուսաստանի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության ղեկավարը նոր մանրամասներ է ներկայացրել:

ՌԴ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյ – Ընդհանուր 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա և հատուկ տեխնիկա: Խաղաղապահ զորակազմը բաղկացած է միայն պայմանագրային զինծառայողներից: Գրեթե բոլոր զինվորականները փորձ ունեն Սիրիայի հումանիտար գործողություններին աջակցելու և պաշտպանելու առաջադրանքները կատարելու գործում:

Գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը ներկայացրել է նաև, որ խաղաղապահ զորակազմը հագեցած է ամենաժամանակակից զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով՝ ներառյալ BTR-82A զրահամեքենաները, «Տիգր» և «Թայֆուն» զրահապատ մեքենաները, ինչպես նաև ապահովված են բոլոր անհրաժեշտ պարագաներով:

Համաձայնագրերի կատարումը վերահսկելու համար «Հյուսիս» և «Հարավ» պատասխանատվության շրջաններում նախատեսվում է ստեղծել տասնվեց դիտակետ: Դրանք կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի կողմերի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով: Ռուդսկոյն ասել է նաև, որ երեկ առավոտյան Ուլյանովսկի օդանավակայանից սկսվել է խաղաղապահ զորակազմի տեղափոխումը Հայաստանի «Էրեբունի» օդանավակայան:

Սերգեյ Ռուդսկոյ – Օրվա ընթացքում 27 թռիչք է իրականացվել: Տեղափոխվել է 414 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, 8 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի երկու համալիր: Ռուսաստանի Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը կապող օղակ է ստեղծել գերատեսչությունների միջև, ինչը հնարավորություն է տվել արագ կազմակերպել խաղաղապահ զորակազմի տեղափոխումը հակամարտության գոտի:

Ռուդսկոյը տեղեկացրել է նաև, որ նոյեմբերի 12-ից քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար նախատեսվում է դիտակետեր տեղակայել «Հարավ» պատասխանատվության այն տարածքում, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ էին ընթանում երկու օր առաջ:

Նշենք, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադով, ով ծագումով Դաղստանից է։