Խանումյանը Աղավնոյի բնակիչներին զգուշացրել է՝ եթե տներից մեկ սյուն անգամ պակասի, չեն փոխհատուցի

309

Այսօր Արցախի տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը հանդիպել է Աղավնոյի բնակիչներին և զգուշացրել, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Աղավնոն։

168.am-ին հայտնի են դարձել որոշակի մանրամասներ Խանումյանի և բնակիչների հանդիպումից. մասնավորապես այն, որ Աղավնոյի բնակիչներին Խանումյանն ու նրա հետ գնացած պաշտոնյաները առաջարկել են մինչև օգոստոսի 20-ը հանձնել իրենց բնակարանները՝ դրա դիմաց ստանալով 8-10 միլիոն դրամ արժեքով սերտիֆիկատ:

Բնակիչների անհանգստություններին ի պատասխան վստահեցրել են, որ Աղավնոյի բնակիչներին տները բանկը կգնահատի՝ շուկայական արժեքով և, եթե բնակչի ընտրած տան արժեքը կգերազանցի Աղավնոյի տան շուկայական գինը, ապա պակասող գումարը կխնդրեն Հայաստանի Կառավարությունից: Հայկ Խանումյանը բնակիչներին առաջարկել է արդեն երկուշաբթի օրը հստակ ասել, թե Աղավնոյի բնակիչներից ով՝ որտեղ է ցանկանում տեղափոխվել, որպեսզի տրվեն համապատասխան սերտիֆիկատները: Ի դեպ, Հայկ Խանումյանը Աղավնոյի բնակիչներին նաև հատուկ զգուշացրել է՝ եթե ձեր տներից մեկ սյուն անգամ պակասի, Հայաստանի Կառավարությունը փոխհատուցում չի տա: