Կեղծ օղու գործով մեղադրյալի առողջական վիճակը վատացել է. կալանավորելու միջնորդության քննարկումը հետաձգվել է

8

Ալկոհոլային խմիչքից զանգվածային թունավորման գործով մեղադրյալ Աշոտ Հովսեփյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, ու նա տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքը տեղի է ունեցել քննիչի միջնորդության քննարկման ժամանակ։

Հովսեփյանի պաշտպան Գոռ Գևորգյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Հովսեփյանն ունի երրորդ կարգի հաշմանդամություն, դիաբետ և ուղեկցող մի շարք հիվանդություններ։ Փաստաբանը գտնում է, որ Հովսեփյանի ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառ կարող էր լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ՝ հոգեկան ծանր վիճակը, քանի որ դատական նիստը գիշերը ժամը 03։00-ի սահմաններին էր նշանակված։

«Իբրև անհապաղ համարեցին կալանքի նիստը։ 72 ժամվա ափալ-թափալն էին, տրամաբանորեն կարող էին հետո էլ շարունակել, որևէ խնդիր չէր առաջանա»,- ասաց փաստաբանը։ Վերջինիս փոխանցմամբ՝ դատական նիստում քննիչը չի հասցրել անգամ հրապարակել կալանավորելու միջնորդությունը, գիշերվա ժամը 3-ին, երբ դատարանը ճշտում էր մեղադրյալի տվյալները՝ վերջինիս ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է եւ շտապօգնության մեքենայով տեղափոխել հիվանդանոց, ճնշումը շատ բարձր էր։ «Գիտակցությունը չէր կորցրել, բայց մթագնած էր, կրծքավանդակի շրջանում ցավում էր»,- ասաց նա։

Նշենք, որ Հովսեփյանի ձերբակալման 72 ժամն արդեն լրացել է, իսկ խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ՝ կապված Հովսեփյանի առողջական վիճակի հետ։

Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասով՝ կեղծ օղի արտադրելու կամ իրացնելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ ծանր հետևանքներ։