Կառավարությունը մտադիր է կանոնակարգել ԶՈւ ՀՕՊ-ի կիրառման ընթացակարգը

104
ՀՕՊ

Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս և ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի և մարտական տեխնիկայի  օգտագործման ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշումներ ընդունելու իրավասություններ ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝  ներկայացնելով «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին հարցը:

«Նախագծի համաձայն պետական սահմանի պահպանության ոլորտում հակաօդային պաշտպանության զորքերի լիազորությունները սահմանող օրենքի 29-րդ հոդվածում առաջարկվում է նախատեսել, որ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են Կառավարության սահմանած կարգով: Օրենքի նախագծի ներկայացման համար հիմք է հանդիսացել նույն հոդվածի 2-րդ մասի գ. Կետը՝ համաձայն որի հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են ՀՀ անվտագունթյանը սպառնալու դեպքում կամ ՀՀ նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում, եթե օդանավը կամ թռչող այլ սարքը շարունակում է նշված գործողությունները: Հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ թռչող այլ սարքը»,- ասաց Սարգսյանը:

Բացի այդ, ՀՀ և ՌԴ միջև ՀԱՊԿ Կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգ ստեղծելու մասին համաձայնագրով խաղաղ ժամանակ կողմերն իրենց իրավունք են վերապահում որոշում կայացնել ՀՕՊ միավորված համակարգի կազմի մեջ մտնող իրենց զորքերի կիրառման մասին. զենքի կիրառման կարգը սահմանվում է այն կողմի օրենսդրությամբ, որի օդային տարածքում գտնվում է օբյեկտը, որի նկատմամբ կիրառվում է զենքը: