Ս.թ. օգոստոսի 5-ին լրացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճռի կատարման 15-օրյա ժամկետը, որով ՄԻԵԴ-ը պահանջել էր ՀՀ Կառավարությունից ապահովել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի անհապաղ բուժումը քաղաքացիական հիվանդանոցում։ Ըստ երևույթին, ս.թ. հուլիսի 21-ից ի վեր ՀՀ կառավարությունը ողջամիտ որևէ քայլ չի ձեռնարկել ՀՀ քաղաքացու կյանքի և առողջության համար ակնհայտ վտանգների առկայության պարագայում համարժեք բուժում ապահովելու համար։
«ՀՀ պատմության մեջ աննախադեպ է Եվրոպական դատարանի որոշումը չկատարելը: Նման վարքագիծը անընդունելի է իրավական և ժողովրդավարական պետության համար: Ընդ որում, պետք է նշել, որ կառավարությունն, ի պատասխան տարբեր հարցումների, մշտապես նշում է, թե իբրև նախքան ՄԻԵԴ որոշումն էլ, դրանից հետո էլ ապահովել և ապահովում է Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման և համարժեք բուժում ստանալու իրավունքը: Սակայն ակնհայտ է, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը, հակառակ դեպքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նման որոշում չէր կայացնի: Ու եթե կառավարությունը շարունակի պնդել, թե կատարել է ՄԻԵԴ որոշումը, այդ դեպքում պետք է գոնե հետևյալ հարցին պատասխանի. արդյոք Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման և բուժման առումով որևէ բան փոխվել է նախքան այդ որոշումը և դրանից հետո: Ցավով պիտի փաստեմ, որ ոչինչ էլ չի փոխվել»,- ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը:











