Ինձ մոտ տպավորություն է, որ ոչ թե մենք ընդդիմություն ենք, այլ ես եմ պաշտպանության նախարարը: Այդ կաղապարված վիճակից պետք է դուրս գալ. այս անտեղի խոսակցություններով ամենամեծ հարվածը բանակի իմիջին դուք եք հասցնում: Մեր բանակը բոլոր ղեկավարների օրոք զարգացել է, և բոլորի ժամանակ էլ ունեցել ենք թերություններ, բայց բանակից խոսում են մարդիկ, որոնք դրանից շատ հեռու են: Այո, իմ՝ նախարար եղած ժամանակ եղել են թերություններ, և ես չեմ խորշում այդ մասին խոսել, այդ թերություններն այսօր էլ կան: Դուք ուզում եք՝ ես վիրավորանքների, «արա»-ով խոսելու համար ծափահարե՞մ: Այս մասին ԱԺ-ում ելույթի ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Անդրադառնալով Կառավարության 5-ամյա ծրագրին՝ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց, թե այն ոչ ամբողջությամբ է համապատասխանում պետության խնդիրներին. ռիսկերի, վտանգների, ծրագրերի բովանդակության այդ անհամապատասխանությունը հիմնական և գլխավոր թերությունն է:
«Այդ ծրագիրը տպավարություն է ստեղծում, թե նախորդ մեկ տարում մեր երկրում ոչինչ չի եղել, չեն փոխվել մեր պետության սահմանները, տարածաշրջանում մեր պետության կշիռը, չի զոհվել մի ողջ սերունդ, չի եղել պարտություն, չեն առաջացել ահռելի անորոշություններ մեր երկրի համար: Չկա ռազմաքաղաքական իրավիճակի հստակ գնահատական, անվտանգության միջավայրի փխրունությունը, սպառնալիքների ուժգնացող վիճակը, տարածաշրջանայաին դերակատարների, հատկապես Թուրքիայի՝ Հարավային Կովկաս մտնելը չի ստիպել պաշտպանական-ռազմավարական վերանայում կատարել: Ծառայության ժամկետի նվազեցումը, իմ կարծիքով, ոչ ժամանակին ու պոպուլիստական քայլ է»,-հայտարարեց Օհանյանը՝ ընդգծելով, որ «Հայաստան» դաշինքը ծրագրի քվեարկությանը չի մասնակցի:











