Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը շարունակելու է աշխատել տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատման ուղղությամբ: Այս մասին ՀՀ ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ խորհրդարանական բարեկամական խմբի եւ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի միջեւ տեսակապի միջոցով փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամանակ ասաց Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը:
Նա նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը վճռական է՝ անդրադառնալու հայ-ադրեջանական հակամարտությանը, փորձելու հասնել այնպիսի լուծման, որ Լեռնային Ղարաբաղը միջազգային կարգավիճակ ստանա եւ մնա հայկական:
«Ես գիտեմ, որ հիմա լարված շրջան է, եւ Ադրբեջանի կողմից ագրեսիա է տեղի ունենում: Եվ մենք գիտենք, որ պետք է ունենալ այնպիսի լուծում, որի պայմաններում Լեռնային Ղարաբաղը կունենա միջազգային կարգավիճակ եւ կմնա հայկական»,-ասաց Փալոնը:
Կոնգրեսականը շեշտեց՝ ուստի իրենք վճռական են այդ հարցերին անդրադառնալու՝ փորձելով այդ հարցերը լուծել եւ հավատարիմ մնալով հանձնախմբի եւ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի միջեւ հարաբերություններն ամրապնդելու նպատակին:











