Իսրայելը, Թուրքիան և Ադրբեջանը պատերազմի են պատրաստվում Իրանի դեմ Հայաստանի տարածքից. ИА Реалист

292

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Տնտեսական համագործակցության կազմակերպության XIV գագաթնաժողովում ասել է, որ «նոր տրանսպորտային միջանցքը կանցնի Ադրբեջանի պատմական տարածքով` Զանգեզուրով, և կկապի Ադրբեջանի հիմնական մասը երկրի անբաժանելի մասի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ու Թուրքիայի հետ»: Ո՞րն է տրանսպորտային միջանցքի վերջնական նպատակը: Որո՞նք են Ռուսաստանի շահերն այս հարցում: ИА Реалист-ի գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը պատասխանել է հարցերին։ Փոխանցում է yerkir.am-ը։

«Բաքվի մինիսուլթանության առաջնորդի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» «պատմական պատկանելության» մասին հաստատում է այն թեզերը, որոնք ես նախկինում ներկայացրել էի RT ալիքի եթերում:

Բաքուն, թուրքերի և իսրայելցիների հետ դաշինքի շրջանակներում, ծրագրում է Իրանին պատերազմի մեջ ներքաշել ՆԱՏՕ-ի՝ Թուրքիայի հետ` Հայաստանի տարածքում: Իսկ ի՞նչ է անում Ռուսաստանը: Մոսկվան կրկին լռում է: Սակայն ոչ միայն նա: Թղթային ՀԱՊԿ-ը նույնիսկ անհրաժեշտ չհամարեց մեկնաբանել Ալիևի բանավոր ագրեսիան Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների դեմ: Ինչո՞ւ այդպես։

Մի քանի տարբերակ կա։

Ալիևը համաձայնեցրել է իր հայտարարությունը Մոսկվայի հետ: Մոսկվան վախենում է Նեթանյահուի, Էրդողանի և Ալիևի եռիշխանության բարկությունից: Նեթանյահուն և Էրդողանը հասկանում են, որ Մեղրիով միջանցքի բռնի կտրումը, որը կզրկի Հայաստանին և Իրանին ցամաքային սահմանից, Թեհրանը կընկալի որպես պատերազմի պատրվակ: Այս դեպքում Կրեմլը կկանգնի եռակի ընտրության առջև՝ պայքարել Անկարայի և Բաքվի դեմ, կռվել Իրանի դեմ, հենակետերը հանել Հայաստանից և վերջապես լքել Անդրկովկասը:

Ավելի լավ է խուսափել այս «ընտրությունից», չէ՞: Որպեսզի աղետալի իրավիճակում չհայտնվի, Մոսկվան պետք է հիշի Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները, և ոչ մի առիթով աչքաթող չանի Ալիևին ու Էրդողանին…»,– գրել է Ծատուրյանը։