Իսպանիան Հունաստանին հավաստիացրել է, որ հարձակվողական սպառազինություն չի մատակարարելու Թուրքիային։ Տեղեկությունը հայտնել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն Աթենքում իսպանացի գործընկեր Խոսե Մանուել Ալբարեսի հետ հանդիպումից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հունաստանի ԱԳՆ-ին։
Նշվում է, որ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը կայացել է դեկտեմբերի 14-ի երեկոյան: Ելույթ ունենալով բանակցություններից հետո` Հունաստանի արտգործնախարարը խիստ քննադատության է ենթարկել Թուրքիային։
«Այսօրվա Թուրքիան ապակայունացման գործոն է Միջերկրական ծովում, իսկ դա casus belli-ի դրսևորում է՝ Հունաստանի դեմ պատերազմի սպառնալիքի մասին հայտարարություն։ Սա աննախադեպ բան է։ Թուրքիան մոլորակի միակ երկիրն է, որն այլ երկրի դեմ պատերազմի սպառնալիք է հնչեցնում անգամ այն դեպքում, երբ այդ երկիրն իր օրինական իրավունքն է իրացնում», – նշել է Դենդիասը։














