Իսագուլյանն ունի ապացույց. ձեռքի տակ է ադրբեջանցիներին բաժանված հայկական անձնագրերի օրինակը

1834
Գառնիկ Իսագուլյան

ԱԱԾ նախկին աշխատակից Գառնիկ Իսագուլյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ ադրբեջանցիներին 1400 հայկական անձնագիր բաժանելու հայտարարությունների վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար, մինչդեռ՝ Իսագուլյանն ունի ապացույցներ, ընդհուպ անձնագրի օրինակներից մեկը։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։

Նրա խոսքով՝ իր հայտարարությունների հիման վրա քննություն անցկացնելու փոխարեն իր դեմ քրեական գործ են հարուցել՝ սուտ մատնության համար։ Ներկայացնելով անձնագրերի ստեղծման մեխանիզմները՝ Գ.Իսագուլյանը նշել է, որ մեր անձնագրերը տպվում են Գերմանիայում, ապա տեղափոխվում Հայաստան ու պահվում հատուկ վայրում, որտեղից անձնագրային վարչության պետերը դրանք ստանում են և տալիս են ինչ -որ մարդկանց։

«Ասել եմ՝ պարզեք հեղափոխությունից անմիջապես հետո ինչքան ազատ անձնագիր է եղել, ինչքան է պատվիրել 2.5 տարում, ինչքան է բաժանվել դրանցից, որքանը՝ մնացել պահեստում և համեմատեք՝ արդյոք այս թվերը համընկնում են և արդյոք մարդկանց, որոնց տվել են անձնագրեր, կենդանի կան, թե ոչ։ Ասում եմ՝ նման ուսումնասիրություն անցկացրել եք, ասում են՝ ոչ, բա այդ դեպքում ինչպես եք գտնում, որ ես ստում եմ»,- նշեց նա՝ հավելելով, որ իր ձեռքի տակ կա անձնագիր։

Վարույթն իրականացնող մարմինը Իսագուլյանից պահանջել է անձնագիրը, սակայն Իսագուլյանը հրաժարվել է տրամադրել անձնագրի նմուշը. «Ինչու՞ պետք է ձեզ տամ ինչ-որ անձնագիր։ Եթե այս իշխանություններին այդ անձնագիրը տամ, իրենք դա պարտակելու են։ Ես չեմ հավատում գործող իշխանությանը՝ վարչապետով հանդերձ և այս իշխանությունների օրոք իրականացվելիք որևէ քննության»։