Իրանում կորոնավիրուսից 3 անգամ ավելի շատ մարդ է մահացել, քան հայտնում են

6
BBC-ի հաղորդմամբ՝ Իրանում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը կարող է երեք անգամ ավելի լինել պաշտոնական վիճակագրությունից: Այս մասին հայտնել է BBC-ի պարսկական ծառայությունը, որի ձեռքի տակ են հայտնվել Իրանի կառավարության չհրապարակված տվյալները:

Ըստ լրատվամիջոցի՝ հուլիսի 20-ի դրությամբ Իրանում Covid-19-ից մահացել է գրեթե 42 հազար մարդ, մինչդեռ այդ ժամանակ մահվան դեպքերի պաշտոնական թիվը 14 հազար էր:

Պարբերականի փոխանցմամբ՝ կորոնավիրուսով հիվանդացածների պաշտոնական թիվը նույնպես տարբերվում է հիվանդների իրական թվից: Հուլիսի 20-ի դրությամբ Իրանը հայտնել էր գրեթե 280 հազար հիվանդի մասին, իսկ տվյալների արտահոսքը վկայում է ավելի քան 450 հազար հիվանդի մասին:

Տվյալները BBC-ին են ուղարկվել անանուն աղբյուրի միջոցով: Դրանք ներառում են օրական հիվանդանոցներ ընդունված մարդկանց անունները, տարիքը, սեռը, ախտանիշները, հիվանդանոցում անցկացրած ժամանակը և ուղեկցող հիվանդությունները:

Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ Իրանը հաղորդել է կորոնավիրուսով 309.437 հիվանդի և 17.190 մահվան մասին: