Պաշտոնական Թեհրանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությանը, Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Ղաթիբզադեի հայտարարությանը հղումով գրում է IRNA գործակալությունը:
Նշվում է, որ բողոքի նոտա հղելու առիթ է դարձել ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական թվիթերյան էջում արված արաբալեզու գրառումը, որտեղ առկա է «Արաբական ծոց» ձևակերպումը։
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Twitter-ում Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, որում հիշատակվում է ծոցը, ասվում է, որ Ռուսաստանի նախագահի՝ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հանդիպել է Իրաքի դեսպան Աբդերրահման Հուսեյնիի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային օրակարգի առանցքային հարցեր, ներառյալ՝ պաղեստինա-իսրայելական կարգավորումը, Սիրիայում և Արաբական ծոցի գոտում տիրող իրավիճակը:
Գործակալությունը նշում է, որ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը։
Պարսից ծոցը (արաբական երկրներում՝ Արաբական ծոցը) Արաբական թերակղզու և Իրանի միջև գտնվող ծոցն է։ Հորմուզի նեղուցով միացված է Օմանի ծոցին, Արաբական ծովին և Հնդկական օվկիանոսին։
Իրանական լեռնաշխարհը և Արաբական թերակղզին բաժանող ջրամբարի անվանումը, որին պատմականորեն տրվել է Պարսից ծոց անվանումը, 1960-ական թվականներին վիճարկվել է արաբական որոշ երկրների կողմից: Իրանի և արաբական պետությունների միջև մրցակցությունը, պանարաբիզմի և արաբական ազգայնականության ի հայտ գալը հանգեցրել են արաբական մի քանի երկրներում «Արաբական ծոց» տերմինի օգտագործմանը:














