Իրանցի դիվանագետի սկանդալային հայտարարությունը. Մենք չպիտի թույլ տանք, որ Ադրբեջանն իր ուզածով խնդիրները լուծի

335
«Փակագիծ Վերլուծական Հարթակ»-ը հրապարակել է իրանցի դիվանագետ, Իտալիայում և Աֆղանստանում Իրանի նախկին դեսպան Աբոլֆազլ Զոհրեվանդի  վերջին 40 րոպեանոց հարցազրույցը, որի ձայնագրությունը հայտնվել է նաև իրենց ձեռքում։
Անդրադառնալով Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարած միտքը, որ Իրանը դեմ կլինի Իրան-Հայաստան սահմանագծի փոփոխությանը, ուշագրավ և սկանդալային հայտարարություններ է կատարել, որոնք կփորձենք ներկայացնել ստորև:
«Թուրքիան իր ներքին քաղաքական համակարգի պատճառով, այս կեղծավորությունից փախուստ չունի, շատ վատ կենդանի է նա, և մենք երբևէ չենք կարող մտածել, որ նմանատիպ Թուրքիայի հետ կկարողանանք ռազմավարական դաշնակցություն, անգամ ռազմավարական համագործակցություն ունենալ, մենք ռազմավարական մրցակիցներ ենք լավագույն դեպքում, հետևաբար Նախիջևանի ու Ղարաբաղի խնդիրները ի վնաս մեզ լուծվեցին»,- հայտարարել է Զոհրեվանդը:
Նախկին դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ի ԿՀՎ-ի ճնշմամբ փորձում են Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բարելավել: «Այդ հարաբերությունների բարեկարգումն էլ Իրանի ու Ռուսաստանի վնասին է: Նրանք շատ են ձգտում, որ Հարավային Կովկասում, ինչպես Վրաստանում տեղի ունեցավ, Իրանի և Ռուսաստանի ցամաքային կապը կտրել և ոչնչացնել, դա մեր շնչափողը կփակի: Թեև Հարավային Կովկասը մեր քաղաքակրթական ազդեցության գոտին է»:
Չոհրեվանդը պնդում է, որ «այս Ադրբեջանն իր ներկա ընթացքով խիստ վտանգ է ներկայացնում Իրանի համար, ինչպես և Իրաքի քրդերը: Սրանք սիոնիզմի բուսնելու ենթահողն են դառնում: Սա շատ ուշադիր պիտի տեսնեինք և տեսնենք»:
«Նախիջևանը մեր աքիլեսյան գարշապարն է: Անգամ եթե Ադրբեջանն ու Նախիջևանը ստորգետնյա թունելով իրար միանան, եթե Թուրքիան և Ադրբեջանը մի կերպ ցամաքային կապ ունենան իրար հետ, մենք խնդիրներ ենք ունենալու, որովհետև Թուրքիայի հանդեպ մեր ճնշման լծակները հենց տարանցիկ ճանապարհներն են, ու մի կասկածեք, որ թուրքերը կփակեն մեզ: Հիմա գնացեք տեսեք, թուրքերը իրենց սահմանը Իրանի հետ փակում են բետոնե պատերով, այնտեղ սիրոնիստական միտքն է ներգործում:
Հենց այս լուրջ սպառնալիքների պատճառով է, որ պիտի Ռուսաստանի հետ հարաբերություններին շատ լուրջ վերաբերվենք և հենց այստեղ է, եր մենք նրանց հետ ռազմավարական ընդհանրություններ ունենք: Հյուսիս-Հարավ առևտրային ճանապարհը համաշխարհային առևտրի հաշվարկները կփոփոխի: Այս ճանապարհը հանապազորյա հացից ավելի կարևոր է: Ու հենց մեր շրջապատի միջադեպերը, ինչպիսիք են Աֆղանստանն ու Իրաքը, միայն դրա համար են, որ այդ ճանապարհները չկառուցվեն»,- համոզմունք է հայտնել նա:
Խոսելով կարևորությունների մասին՝ նա նշել է․ «Հայաստանի հարցը բազմաթիվ պատճառներով գերադասելի է, քան Ադրբեջանը մեզ համար: Ադրբեջանը հենց այն կետն է, որտեղ ՆԱՏՕ-ն կարող է գալ և Իրանի մասնատման գործարքը մեկնարկել: Ղարաբաղի հարցը շատ կարևոր էր: Այժմ էլ, այս վարչապետը, որ գործի վրա է Հայաստանում, իրավասու և պատշաճ անձնավորություն չէ, շատ վատ է խաղացել, նա ներթափանցած անձ է Հայաստանում: Հայերը Իրանի դաշնակիցն են, զարմանալի ընդհանրություններ ունենք իրար հետ և պատմության վաղ շրջաններից հայերը միշտ Իրանի կողքին են եղել: Մեզ համար հայերը առաջնահերթություն ունեն այս ադրբեջանցիներին, որովհետև առհասարակ Ադրբեջան որպես այդպիսին գոյություն չի ունեցել, սրանք կամ իրանցի ազերիներ են և կամ եթե չեն, պիտի գնան այս տարածաշրջանից, Ադրբեջանը պիտի վերադարձվի Իրանին, իրականությունը սա է, մինչև Ադրբեջանը չվերադարձվի Իրանին, միշտ մեզ համար կմնա որպես քաղցկեղային ուռուցք: Ազերիները Իրանցի են, բայց գնում են ինչոր ծագումնաբանություն են հորինում իրենց համար թե իբր Կենտրոնական Ասիայի թուրքերից են առաջացել, այս տմարդները պատմություն են հորիում:
Մենք չպիտի թույլ տանք, որ Ադրբեջանն իր ուզածով խնդիրները լուծի: Ցավոք, մեր պաշտոնյաներից ոմանք խաբվեցին, ինչի արդյունքում եղավ այն, ինչ չպիտի լիներ»: