Ինձ զանգահարել է գեներալ Խաչատուրովը և ասել, որ իրեն զանգահարել է Ռուսաստանի գլխավոր շտաբի պետը և ասել, որ ադրբեջանցիները պատրաստ են հանդիպելու և խոսելու հրադադարի թեմայով։ Այս մասին այսօր ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Գեներալ Խաչատուրովը ասել է, որ որոշ ժամանակ հետո ձեզ կպատասխանեմ և պատասխանել է, որ այո, ինքը պատրաստ է հանդիպման՝ Թբիլիսիում, ինչո՞ւ այնտեղ, որովհետև շատ մոտ է, կարճ ժամանակում ռազմական գործողությունները վերսկսելու դեպքում, նա կարող է հասնել Հայաստան, որովհետև ակնհայտ է, որ Գլխավոր շտաբն է ղեկավարում այդ ամբողջ ռազմական գործողությունները, իմիջայլոց, պետք է ասեմ, արել է շատ լավ, ես գոհ եմ ընդհանուր առմամբ Գլխավոր շտաբի կատարած աշխատանքից և անձամբ Յուրի Խաչատուրովի կատարած աշխատանքից։
Պատասխանել են, որ ադրբեջանցիները չեն ցանկանում հանդիպել Թբիլիսիում, ցանկանում են հանդիպել Մոսկվայում։ Ակնհայտ է թե ինչու, որովհետև ցանկացած պայմանավորվածություն կարիք ունի միջնորդի երաշխավորության։ Կարծում եմ այդ պատճառով են նրանք ասել և գեներալ Խաչատուրովը մեկնել է Մոսկվա՝ ինչպես ասացի հանդիպման ընթացքում, դա է քննարկվել և եկել ենք այդպիսի լուծման»,- ասաց Սերժ Սարգսյանը։











