Ինձ համար շատ ցավալի է, որ մեր հայրենակիցների մի մասը հրաժարվեցին մեր հայրենիքի մի մասի պաշտպանությունից. Մովսես Հակոբյան

192

Ցավոք չգիտեմ՝ այժմ Արցախն ինչ կարգավիճակ ունի և ով է պատասխանատու Արցախի անվտանգության համար։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ Հայաստանից այլևս զինծառայողներ չեն գնա Արցախ։

Հարցին՝ արդյո՞ք պայմանագրային հիմունքներով հնարավոր կլինի ունենալ այնպիսի զորամիավորում, որն ինչ-որ չափով համեմատելի կլինի ՊԲ-ի հետ, Հակոբյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ բանակն ումից պետք է պաշտպանի և ինչ պետք է պաշտպանի։ Միանշանակ կարող եմ նշել, որ, ինչպես բոլորս ականատես ենք եղել, 44 օրյա պատերազմում հիմնականում պայքարել են պարտադիր զորակոչի զինծառայողները և այն, որ ավելի մեծ կորուստներ չունեցանք, դա միայն և միայն մեր կանոնավոր բանակի շնորհիվ է։ Մեկնաբանությունները Ձեզ եմ թողնում»։

Իսկ թե այդ պարագայում կլինեն ներքին կամ սահմանապահ զորքեր՝ Հակոբյանն ասել չի կարող. «Եթե մենք Արցախի կարգավիճակի հարցը հստակեցնենք, արդեն բոլոր հարցերի պատասխանները կարելի է կռահել կամ ենթադրել»։

Ինչ վերաբերում է պատերազմից հետո ժամկետային զինծառայողների ծնողների կողմից պարբերաբար իրականացվող ակցիաներին, որոնցով վերջիններս պահանջում էին Արցախից վերադարձնել այն ժամկետային զինծառայողներին, որոնք ՀՀ քաղաքացիներ են՝ պատճառաբանելով, թե կապիտուլյացիոն ակտի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները չպետք է ծառայեն Արցախում, Հակոբյանը նշեց, որ իր համար դա շատ ցավալի է։

«Ինձ համար շատ ցավալի է, թե ինչու այդպես դարձավ, որ մեր հայրենակիցների մի մասը հրաժարվեցին մեր հայրենիքի մի մասի պաշտպանությունից»,- նշեց Հակոբյանը։
Իսկ թե արդյո՞ք դա ի սկզբանե ուղղորդված էր իշխանությունների կողմից՝ հետագայում նման որոշում կայացնելու համար, Հակոբյանը նշեց, որ գուշակություններով չի զբաղվում և իր ձեռքի տակ չկան նման փաստաթղթեր։