Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցում ամենաճիշտը կլինի որպես հիմք վերցնել խորհրդային սահմանը Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանի սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Ստեփանյանը։ Խորհրդային տարիներին սահմանը շատ հստակ էր՝ աշխարհագրական կոորդինատներով, նույնիսկ միութենական հանրապետությունների միջև, հավելել է նա։
Այն բանից հետո, երբ կուսումնասիրվեն իրավական, քաղաքական, տնտեսական և այլ բաղադրիչները, հնարավոր կլինի Ադրբեջանի հետ միջպետական հանձնաժողով ստեղծելու առաջարկ անել։
Նույնիսկ Վրաստանի հետ հայկական սահմանը որոշված է դեռ միայն մոտ 60 տոկոսով։ Ադրբեջանի հետ ավելի բարդ կլինի, քանի որ սահմանը քարտեզի վրա շատ ոլորուն է, բացի այդ, այն անցնում է խիստ կտրտված տեղանքով, նկատել է Ստեփանյանը: Հնարավոր է՝ հատուկ քննարկումներ անհրաժեշտ լինեն Սոթքի ոսկու հանքավայրում սահմանի վերաբերյալ, հավելել է նա:
«Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը կողջունի նման մոտեցումը, քանի որ դա կհեշտացնի սահմանի պահպանությունը։ Հավանաբար նրանք էլ կցանկանան ազատվել սահմանի ոլորուն գծից։ Այն չափազանց շատ տեխնիկա և մարդ կպահանջի, դա երկու կողմին էլ ձեռնտու չէ։ Այդ հարցերը, կարծում եմ, կլուծվեն փոխզիջումային եղանակով»,-ավելացրել է նա:
Ավելի բարդ կլինի հստակեցնել ստատուս-քվոյի գիծը Արցախում։ Բայց քանի որ արդեն հաստատված է, թե որ գյուղն ում է մնում, ապա այստեղ էլ կարելի է որպես հիմք վերցնել նախկին ԼՂԻՄ կոլխոզների և սովխոզների սահմանների մասին խորհրդային տվյալները։
Սահմանները որոշելիս պետք է առաջնորդվել 2017 թվականին ԵԱՀԿ շրջանակներում կայացած միջազգային խորհրդաժողովում մշակված սկզբունքներով, հավելել Է նա:











