Ինչո՞ւ ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի այցելել ու չի այցելում Արցախ․ Արման Թաթոյան

46

Ինչո՞ւ ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի այցելել ու չի այցելում Արցախ: ԱԺ-ում հայտարարեց Մարդու հրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

«Ադրբեջանը միշտ տարել է Արցախը մեկուսացնելու քաղաքականություն։ Ցավոք, պատերազմի ընթացքում միջազգային կառույցների լռության հետևանքով է նաև, որ  արձանագրվեցին մարդու իրավունքների խախտումների մեծ ծավալի դեպքեր,- նշեց նա՝ հավելելով,- Ես անընդհատ հարց եմ բարձրացնում. Ինչո՞ւ ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի այցելել ու չի այցելում Արցախ:  Կարո՞ղ է որևէ մեկն ինձ բացատրել: Դրա համար միջազգային կառույցներին ասում եմ՝ ձեր  պահվածքով վնասել ենք մարդու իրավունքների համակարգը: Լինելով միջազգային կառույց՝ պարտավոր եք մեր քաղաքացու իրավունքների պաշտպանության ուղղությամբ լիարժեք աջակցություն ցուցաբերել, որ չստացվի, թե մեր երկրում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը հակասում են անվտանգությունը»։

Նրա խոսքով՝ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն իրենց պահվածքով, ըստ էության, լուրջ վնաս հասցրին մարդու իրավունքների պաշտպանության ապահովման համակարգին:

«Ամենավառ օրինակը Սյունիքի մարզն է: Միջազգային կանոններ են, որ սահմանների հետ կապված գործընթացը չի կարող  խաթարել մարդկանց բնականոն կյանքը: Սա պարտադիր սկզբունք է: Երեք հիմնարար սկզբունք կա՝ մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն: Այստեղ, այս ամենից ոչ մեկը պահպանված չէ»,- ասաց Արման Թաթոյանը: