Ինչու է ռուսական «Ինտեր ՌԱՕ»-ն դուրս եկել Թուրքիայում ատոմակայանի կառուցման ծրագրից

5

Ռուսական ընկերությունը հրաժարվել է Թուրքիայի առաջին ատոմակայանը կառուցելու ծրագրից. Պատճառը համարվում է Մոսկվայի և Անկարայի միջև լարվածությունը` կապված Լիբիայի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների հետ: Այս մասին գրում է Ahval-ը՝ հղում կատարելով Dünya-ին:

Նշվում է, որ 4.800 մեգավատ հզորությամբ օբյեկտի կառուցման գործարքը Էրդողանն ու Պուտինը կնքել էին 2010 թվականին, սակայն այժմ այն կասկածի տակ է, քանի որ երկու առաջնորդները հակասություններ ունեն արտաքին քաղաքական մի շարք հարցերի շուրջ: Dünya-ի թղթակից Քերիմ Ուլքերը հայտնել է, որ «Ինտեր ՌԱՕ»-ն, Ռուսաստանի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկը, ծրագրից դուրս է եկել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդի նիստից հետո: Հոդվածում շեշտվում է, որ այս հեռացումը հաջորդում է նրան, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմում Թուրքիան ռազմական միջամտությամբ սատարում է Ադրբեջանին՝ ընդդեմ հայերի:

Թղթակցի տեղեկություններով՝ որոշումը պայմանավորված է «Ինտեր ՌԱՕ»-ի նախագահ Իգոր Սեչինի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած քաղաքական կապերով: «Հատկանշական է, որ «Ինտեր ՌԱՕ»-ն, որը ղեկավարում է Իգոր Սեչինը (հայտնի է որպես Ռուսաստանի երկրորդ հզոր անուն), դուրս է եկել «Ակկույու» ատոմակայանի նախագծից` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի՝ Ադրբեջանին սատարելուց անմիջապես հետո»,- ասել է թղթակիցը: