Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնձորեսկի գյուղապետարանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է գյուղի հովիվի և ադրբեջանցի զինվորների միջև տեղի ունեցած միջադեպի մասին (ադրբեջանցիները ոչխարները տարել են, ավելի ուշ՝ հետ վերադարձրել) նաև տեղեկացրել, որ թեմային արձագանքել են սահմանապահները, ԶՈՒ 1-ին բանակային կորպուսի հրամանատարությունը և բանակցությունների արդյունքում խնդիրը հարթվել է։
Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու է Պաշտպանության նախարարությունը շարունակում ապատեղեկատվության սփռումը։ Իմաստը որն է՞։ Եղել է միջադեպ՝ տեղեկացրեք ու անցեք առաջ, ինչո՞ւ եք թաքցնում։
Արդեն 2-րդ, թե 3-րդ դեպքն է, որ ՊՆ-ն իրականությունը չհամապատասխանող տեղեկություններ է փոխանցում։
Նախորդը Սյունիքի Տեղ համայնքում ձերբակալված երկու ադրբեջանցի զինծառայողների միջադեպն էր։ Դեպքից 2 օր հետո նրանց հանձնել էին Ադրբեջանին, սակայն այդ երկու դրվագներից որևէ մեկի վերաբերյալ ոչ միայն պաշտոնապես չէր հայտարարվել, այլ ՊՆ-ն նույնիսկ ամենօրյա հաղորդագրությամբ նշել էր, որ միջադեպեր չեն գրանցվել։
Նպատակս ձեզ հիմար դրության մեջ դնելը չէ, մտահոգությունս ՊՆ-ի պես կարևոր կառույցի նկատմամբ վստահության մակարդակն է, որը ՊՆ ղեկավարության ակտիվ ջանքերով շարունակում է անկում ապրել»։











