ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 3-8–ը մեկնելու է Մոսկվա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
«Մոսկվայում անցկացվելու է «Սիստեմա» ԲՖԿ–ի նիստը։ Նախագահը Մոսկվա է մեկնում նիստին մասնակցելու նպատակով»,– ասաց նա։
Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սույն թվականի փետրվարի 3-ից 8-ը ներառյալ բացակայել Հայաստանից։ Այդ մասին հայտնում են Քոչարյանի փաստաբանական թիմից:
Սրա հիման վրա Ոստիկանությանը խնդրվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները այդ ընթացքում վերացնել և հետո կրկին կիրառել։ ՀՀ-ից մեկնելու թույլտվության մասին տեղեկացվել են Ոստիկանության և ԱԱԾ պետերը։ Այս մասին այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, խնդրելով դատարանին ներկայացնել թույլտվության հիմքերը։
Դատավոր Դանիբեկյանը խոստացավ մեղադրող կողմին տրամադրել փաստաթղթերը, որոնց հիման վրա տրվել է երկրից բացակայելու թույլտվությունը։
Դատախազ Բաղդասարյանը հիշեցրեց, որ նախորդ դատական նիստերից մեկում բարձրացվել է Ռ․Քոչարյանի՝ երկրից բացակայելու թույլտվություն տրամադրելու հարցը, սակայն որևէ պարզաբանում այդ առնչությամբ չի տրվել։
Նախագահող դատավորը նշեց, որ եթե մեղադրող կողմն առարկություն ունի, կարող է բողոքարկել դատարանի որոշումը։











