Ինչու է առողջապահության նախարարությունը հրաժարվում պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին

112

Այս տարի, հաշվի առնելով հետպատերազմական վիճակը, այսինքն` ավելի մեծ թվով քաղաքացիներին սպասարկելու հանգամանքը, որոշ բուժհաստատություններում պետպատվերի տեղերը սպառվել են։ Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից` ի պատասխան շրջանառվող լուրերի, թե պետպատվերով բուժումը սառեցվել է։

Yerevan.Today-ն այսօր գրել է, որ պետությունը 4 միլիարդի չափով պարտքեր է կուտակել խոշոր բուժհիմնարկներին. օգոստոսի 1-ից առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (МРТ, КТ): Ըստ կայքի` պետպատվերով բուժումները սառեցվել են մինչև 2022 թվականը։

«Այս ընթացքում ԲԿ–ներում պետպատվերով բուժումը կիրականացվի հերթագրման եղանակով, մինչև գումարի վերաբաշխում կլինի»,- Sputnik Արմենիային ասացին նախարարությունից։

ԱՆ–ից հայտնեցին նաև, որ յուրաքանչյուր տարվա համար քաղաքացիների պետպատվերով բուժման համար որոշակի գումար է հատկացվում։

Հավելենք, որ այս տարվա համար պետական բյուջեից առողջապահությանը հատկացվող գումարը կազմում է 114․4 մլրդ դրամ,  տարեկան ճշտված պլանով՝ 117 մլրդ դրամ։ Իսկ ահա 2020-ին 113.7 մլրդ դրամ է եղել։