Ինչու է ակտիվացել Տոյվո Կլաարը․ կրկին հավասարության նշան է դնում Հայաստանի և Ադրբեջանի միջև

57

10 օր առաջ տեղի ունեցած մահացու միջադեպից հետո շփման գծի և միջազգային սահմանի երկայնքով հրադադարի հաճախակի խախտումների մասին վերջին հաղորդագրությունները մտահոգության տեղիք են տալիս։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։

Չնայած վերևում նշած տեքստին, Կլաարը մի տող ներքևում ինքն իրեն հակասում է և հավասարության նշան դնում հայկական կողմի և Ադրբեջանի միջև՝ «խստորեն զսպվածության կոչ անելով՝ կանխելու ցանկացած հետագա էսկալացիան»։

Ստացվում է՝ Ադրբեջանը 3 ամիս շրջափակման մեջ է պահում Արցախը՝ շարունակելով իր ցեղասպան քաղաքականությունը, ահաբեկչական ակտ է իրականացնում՝ սպանելով 3 ոստիկանի, իսկ ԵՄ հատուկ ներկայացուցիչը, հրաժարվելով իրերն իրենց անունով կոչելուց, կողմերին զսպվելու կոչ է անում։ Հետաքրքիր է՝ շրջափակված Արցախն էլ ո՞նց պետք է զսպվի։

Սրան հաջորդում է Կլաարի հերթապահ կոչը՝ բացել Բերձորի միջանցքը․ «Ինչպես բազմիցս կրկնվել է, ԵՄ-ն նաև վերահաստատում է Բերձորի միջանցքով տեղաշարժման ազատությունն ու անվտանգությունն ամբողջությամբ վերականգնելուն, Լեռնային Ղարաբաղում գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումներն ու հեռահաղորդակցական ծառայությունների անխափան աշխատանքն ապահովելուն ուղղված իր կոչը»,- գրել է նա։