Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքը. Փայլանը՝ Չավուշօղլուին

10
Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի հաղորդմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը երկրի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուին մի շարք հարցադրումներ է ուղարկել՝ կապված հայ–ադրբեջանական վերջին լարվածության և թուրքական կողմի սպառնալից հայտարարությունների մասով:

Փայլանն իր հարցադրման մեջ հիշեցրել է Մեւլութ Չավուշօղլուին իր իսկ խոսքերը, թե Հայաստանի իշխանությունները պետք է խելքները գլուխները հավաքեն, քանի իրենք որպես թուրք ազգ Ադրբեջանի կողքին են։
 
«Թուրքիան, որպես հայ–ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման կառույց համարվող ԵԱՀԿ–ի անդամ լինելով, այս լարվածության ժամանակ անկողմնակալություն չցուցաբերեց, ավելին լարվածությունը խորացնող հայտարարություններ արեց։

1. Այս համատեքստում դուք Ադրբեջան–Հայաստան լարվածության մեջ ազգայնամոլական կողմն եք բռնո՞ւմ:

2. Դեռ չեք հասկացել, որ արտաքին քաղաքականության մեջ «կրակի վրա բենզին լցնելը» խնդիրներն ավելի է մեծացնում։

3. Մեր երկրի ռազմարդյունաբերության սեկտորը ցանկանում է Ադրբեջանին զենք վաճառել։ Դրա համար եք լարվածությունը մեծացնո՞ւմ։

4. Մտածո՞ւմ եք Ադրբեջան զորք ուղարկել։

5. Եթե Թուրքիան ցեղային պետություն չէ, ինչո՞ւ եք ցեղային խտրականության քաղաքականություն վարում։

6. Դուք հիշո՞ւմ եք, որ Թուրքիան հայ–ադրբեջանական հակամարտությունը կարգավորմամբ զաբղվող ԵԱՀԿ–ի անդամ է։

7. Դեռ չեք հասկացե՞լ, որ Կովկասում անկայունությունը Ռուսաստանի օգտին է։

8. Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքը»,– ասյպես է ավարտել իր գրավոր հարցադրումը Կարո Փայլանը։