Ի՞նչ զենք. Գախարիան հերքել է Վրաստանի տարածքով Հայաստան զենք մատակարարելու մասին լուրը

14
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մեկնաբանել է ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցի տարածած` Վրաստանի տարածքով Սերբիայից Հայաստան զենք տեղափոխելու մասին տեղեկությունը: Այս մասին գրում է netgazeti.ge կայքը:

Վրաստանի արտգործնախարարությունում տարածված տեղեկությունը որակել էին որպես «ապատեղեկատվություն` ուղղված երկու ռազմավարական գործընկեր երկրների հարաբերություններում արհեստական խնդիրներ ստեղծելուն»:

Ավելի ուշ՝ ադրբեջանական կայքը՝ որպես ապացույց բեռնատարի լուսանկար էր հրապարակել:

Գախարիան նշել է, որ այդ լուսանկարում «առանց ոչ մի բանի բեռնատար մեքենա է»:

«Ի՞նչ զենք»,-հարցրել է Գախարիան:

«Դա կեղծ տեղեկություն է, որը տարածվել է ԶԼՄ-ների կողմից: Վրաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի տարաձայնություն չկա: Մեր ռազմավարական գործընկերությանն ու եղբայրությանը ոչինչ սպառնալ չի կարող, իսկ Վրաստանի տարանցման քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանում կայունության հաստատման վրա»,-ասել է Վրաստանի վարչապետը: