Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանը և Վիտալի Բալասանյանը

8

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը երեկ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Armlur.am-ի հետ զրույցում Վիտալի Բալասանյանը հաստատել է հանդիպման մասին տեղեկությունը և ուղղորդել է քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար դիմել  վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին, ով նշել է, որ տեղյակ չէ հանդիպման մասին։

Կայքի հետ զրույցում Վիտալի Բալասանյանն ասել է․ «Իմ ժամանակը շատ սուղ է, ամեն ինչ լավ է լինելու, աշխատում ենք, իմ ժամանակը սուղ է, ասում եմ ամեն ինչը լավ է լինելու, այսքանը»,-եզրափակել է նա:

Նշենք, որ երեկ Վիտալի Բալասանյանը հանդես էր եկել ուղերձով, որտեղ մասնավորապես նշել էր. «2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը, Թուրքիայի բացահայտ դրդմամբ, լայնամասշտաբ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության սահմանի ամբողջ երկայնքով։ Մեկ ամիս է` հայ մարդը կյանքի ու մահվան կռիվ է մղում ոխերիմ թշնամու դեմ։ Այս օրհասական պահին իմ կոչն եմ ուղղում Արցախում, Հայաստանում և արտերկրում բնակվող բոլոր արցախցիներին, իմ մարտական ընկերներին ու ողջ հայությանը. վտանգված է մեր պետությունն ու պետականությունը, մեր հայրենիքը, Արցախն ու հայությունը, այժմ թանկ է ամեն րոպեն` բոլորս ի զեն»: