ԱՄՆ սահմանապահ-մաքսային ծառայության ներկայացուցիչները եղել են Վրաստանի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին, ինչպես նաեւ ծանոթացել են Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքներին, հայտնել են Երեւանում ամերիկյան դեսպանատան մամուլի ծառայությունում:
Նշվում է, որ սահմանապահ-մաքսային ծառայության (U. S. Customs and Border Protection, CBP) աշխատակիցներն այցելել են Հայաստան՝ քննարկելու սահմանների անվտանգության ապահովման հարցերում համագործակցության հնարավորությունները:
Դեսպանատանը հստակեցրել են, որ այդ ծառայության նախաձեռնություններն ուղղված են միջազգային համաձայնագրերի իրականացմանը, որոնք դյուրին են դարձնում օրինական առեւտուրն ու ուղեւորությունները, ինչպես նաեւ այդ նպատակին ծառայող համատեղ քայլերի իրականացումը:
«Հայաստան կատարած այցի ընթացքում կառույցի ներկայացուցիչները հանդիպել են Պետեկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի, պաշտոնատար այլ անձանց հետ, ծանոթացել հայ-վրացական սահմանի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և «Բագրատաշեն» հսկիչ-անցագրային կետի աշխատանքներին, այցելել հայ – ադրբեջանական սահմանի Երասխի հատված», – ասված է դիվանագիտական առաքելության սոցիալական ցանցի էջում: