Օրեր առաջ մամուլում հրապարակումներ եղան Թոքաբանության ազգային կենտրոնի տարածքում գտնվող դիահերձարանի մասին, որտեղ տեղափոխել էին կորոնավիրուսից մահացած քաղաքացու դին:
Անահիտ Հարությունյանը պատմել է, որ եղբոր դին ճանաչելու համար էր գնացել նշված դիահերձարան եւ ականատես եղել, իր բնութագրմամբ՝ անմարդկային, ոչ սանիտարական պայմաններին եւ սարսափելի տեսարանի:
Քաղաքացու պատմելով, այդ դիահերձարանում մարդկանց մարմինները, սեւ տոպրակների մեջ անցկացրած, ընկած էին գետնին. «Մահացած մարդիկ ընկած էին ոտքերիս տակ։ Այնպես չէր, որ հերթով մարմինները շարված էին։ Ուղեկցողի ձեռքի շարժումից ես հականում եմ, որ ոտքիս մոտ ընկած դին իմ եղբայրն է։ Տեսնում եմ՝ բերանը բաց, ինչպես որ մահացել է…»:
Քաղաքացու բնորոշմամբ՝ ներսում կատարվողն ուղղակի անհարգալից վերաբերմունք էր մահացածների ու նրանց հարազատների նկատմամբ։
Ոլորտի պատասխանատուները գտնում են, որ նման իրավիճակն ամենեւին էլ անարգալից վերաբերմունք չէ:
Aravaot.am-ի հարցմանն ի պատասխան առողջապահության նախարարությունից վստահեցրեցին. «Դիակները պահվել են համապատասխան պայմաններում, բնավ անհարգալից մոտեցում չի եղել: Հատուկ պարկերի մեջ են տեղադրված եղել` վարակի տարածումը կանխելու նպատակով: Համապատասխան մշակումներ կատարելուց հետո դիակները հարազատներին են հանձնվել փակ դագաղներով»: Նախարարությունը նաեւ խոստանում է՝ առաջիկայում նոր վերանորոգված եւ սարքավորումներով հագեցված դիահերձարանում են կատարվելու կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դատաբժշկական փորձաքննության նպատակով հերձումները:














