Ինչ է կատարվում Փառուխում․ գյուղապետը մանրամասներ է հաղորդել

134

Այս տարվա մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը, շարունակելով իրենց զավթողական քաղաքականությունը, խախտելով շփման գիծը առաջ էին եկել Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ՝ զբաղեցնելով նաև կարևոր նշանակություն ունեցող Քարագլուխ բարձունքի մի մասը։

Օրերի ընթացքում ռուս խաղաղապահները դիրքավորվեցին Փառուխում և Քարագլխի մի հատվածում, սակայն գյուղը հայաթափվեց, իսկ հարակից գյուղերը հայտնվեցին թշնամու թիրախի տակ։

Արդյունքում արդեն երեք ամիս է անցել, բայց թշնամին որևէ քայլ հետ չի նահանջել,  ինչը պահանջում էր նաև ռուսական կողմը, հակառակը՝ ՌԴ ՊՆ օրերս տարածած քարտեզներից տեսնում ենք, որ Փառուխն արդեն չի էլ նշվում խաղաղապահների վերահսկման գոտում։

Tert.am-ը զրուցել է Փառուխի նախկին գյուղապետ Արտյուշա Միքայելյանի հետ՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է ներկա պահին Փառուխում։

«Ռուսները Փառուխի մոտ անցակետ են տեղադրել, ոչ ոքի թույլ չեն տալիս մտնել գյուղ։ Վերջերս անգամես եմ փորձել մտնել, չեն թույլատրել։ Իրավիճակը Փառուխում որևէ փոփոխություն չի կրել, գյուղում շարունակում են մնալ ռուսական զորքերը, իսկ գյուղից մի քանի մետր հեռավորության վրա ադրբեջանցիները։

Փառուխի բնակիչները, որոնք ադրբեջանցիների առաջխաղացումից հետո լքել էին գյուղը, այլևս չեն կարողացել վերադառնալ գյուղ, իրենց իրերը, տունը, անասունները,  ամեն ինչ մնացել է գյուղում, թե ադրբեջանցիները տարել են դրանք, ինչ են արել, արդեն տեղյակ չեմ։ Հիմա ամեն մեկը մի գյուղում է տեղավորվել, մի մասն էլ Ստեփանակերտում վարձով է ապրում։ Ես էլ իմ ընտանիքով այժմ Ստեփանակերտում վարձով եմ ապրում»,- ասաց Միքայելյանը։

Ըստ Միքայելյանի՝ Քարագլխում բան չի փոխվել, ամեն ինչ նույնն է, ինչ ամիսներ առաջ։

Հ․ Գ․ Մինչ այս պահը ո՛չ հայկական կողմը, ո՛չ ռուսական կողմը չեն մեկնաբանել, թե ինչու է քարտեզներում Փառուխի կարգավիճակը փոխվել և այն հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ, եթե քարտեզն արտացոլում է գյուղի հանձնումը, ապա ստացվում է, որ ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում շարունակվում է Ադրբեջանի զավթողականությունը, որը որևէ կերպ չի զսպվում։ Ով է պատասխան տալու այս ամենի համար, ով է կանխելու այս հանձնելու քաղաքականությունը։