Ինչու է Ադրբեջանը Հայաստանի սահմաններին մոտեցող զինտեխնիկայի վրա գրել գլխիվայր А տառը

319
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը գրել է․
Ադրբեջանն, իբրև զինա(զորա)վարժությունների համար, բայց որոշ դիտարկումներով՝ դեպի Հայաստանի հարավ-արևմտյան (Երասխավանից Սիսիան) և արևելյան (Վարդենիսից Իշխանասար) իր զորքն այս օրերին տեղափոխող բեռնատարների և զինտեխնիկայի վրա սպիտակ ներկով պատկերել է մի նշան, որը հիշեցնում է մեծատառ լատինատառ А-ն՝ գլխիվայր (ստորև կադրերում երևում են այդ նշանով ֆիքսված ադրբեջանական զինմեքենաները):
Գլխիվայր A-ն գիտական, թաքնագիտական, դիցաբանական տարբեր նշանակություն և իմաստներ ունի, բայց փորձեցի հենց ադրբեջանական սոցցանցային խմբերում պարզել, թե ինչ են այդ մասին խոսում, քննարկում: Շատ տեղեկություններ չգտա, բայց որոշ կարծիքներ կարդացի: Ըստ ոմանց՝ սա հակառուսաստանյան նշան է, ռուսաստանյան ռազմական V-ն մերժող: Բայց ավելի շատ իշխում էր մեկ այլ տեսակետ, ըստ որի, այս նշանը նշանակում է «վերջ Հայաստանին», «վերջ հայերին»:
A-ն Armenia-ն է, թարս А-ն՝ կործանված, գոյություն չունեցող Հայաստանը:
Հետաքրքիր մի մեկնաբանություն հանդիպեց, որտեղ ադրբեջանական մի ֆեյք հիշեցնում էր, որ A-ն ոչ միայն Հայաստանի անվան առաջին տառն է, այլ նաև՝ Аդրբեջանի, և հաշվի առնելով, որ թաքնագիտության մեջ թարս A-ն նաև այծագլուխ սատանայի նշանն է՝ սխալ էր գտնում այդ նշանի կիրառումը, որով Aստված – Аլլահը հենց իրենց՝ ադրբեջանցիներին է պատժելու և կարող է վերջնահաշվով հանգեցնել Аդրբեջանի կործանմանը: