Ինչ արժեն առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքները 6 ամիս շրջափակված Արցախում

182

Հունիսի 12-ին կլարանա ուղիղ 6 ամիսը, ինչ Արցախը շրջափակման մեջ է։ Սկզբում թշնամական կեղծ «էկոակտիվիստները» փակեցին Շուշի-Քարին տակ հատվածը, հետո աստիճանաբար Արցախին միացող զարտուղի ճանապարհները գրավեցին, իսկ այս տարվա ապրիլից թշնամին Հաքարի կամրջի վրա ապօրինի անցակետ տեղադրեց՝ ամբողջությամբ շուրջկալի մեջ առնելով 120000 մարդու։

Այս երկար ու ձիգ 6 ամիսների ընթացքում Արցախում մարդիկ շարունակ զրկանքների մեջ են եղել։ Նախ թշնամին իսպառ փակեց Արցախ մտնող գազամատակարարումը, մարտ ամսից ընդհանրապես գազ չի մտնում այնտեղ։ 120000 մարդ մնաց էլեկտրականության հույսին։ Թշնամին կտրեց Հայաստանից Արցախ մտնող բոլոր հոսանքագծերը՝ արցախցիներին թողնելով գործող միակ ՀԷԿ-ի հույսին։ Արդյունքում Սարսանգի ջրամբարը գրեթե ոչնչացման եզրին է։ Բայց արցախցին այս ողջ ընթացքում ունեցավ նաև սննդի, կենցաղային ամենատարրական իրերի խնդիր։ Շրջափակման առաջին ամսվա ընթացքում ամբողջությամբ դատարկվեցին Արցախի խանութները, մարդիկ անգամ մեկ տուփ աղ չէին կարողանում ձեռք բերել, էլ ուր մնաց միրգ կամ բանջարեղեն։ Մեկ գազարը մեկ շաբաթ էին օգտագործում։ Այնուհետև ներդվեց կտրոնային համակարգը, բայց դա բոլորովին չլուծեց հարցերը, քանզի մարդիկ ամբողջ օրը հերթերի մեջ են մեկ կիլոգրամ շաքարավազ առնելու համար։

Արցախի մեր գործընկերոջ հետ փորձել ենք հասկանալ՝ ինչ է կատարվում Ստեփանակերտի խանութներում և ինչ արժեն առաջին անհրաժեշտության սննդամթերքն ու այլ ապրանքները։ Նշենք, որ խանութներում տեսականին շատ սահմանափակ է, իսկ գները հաճախ աստղաբաշխական։ Այն ապրանքները, որոնք կտրոնով չեն՝ դրանց գները գրեթե անկառավարելի են։

«Ազատ Ձայն»-ի ուսումնասիրությունների արդյունքները ստորև՝

1 կգ կարտոֆիլ -500 դրամ
1 կգ վարունգ-1200-1800 դրամ
1 կգ լոլիկ-1500-1800 դրամ
կանաչու մեկ կապը-400 դրամ
1 հատ կանաչ պղպեղ- 150 դրամ (եթե իհարկե գտնվի)
1 կգ դդմիկ- 1300 դրամ (շատ հազվադեպ հայթայթվող)
սմբուկ- չկա Արցախում
թարխուն- 500 դրամ

1 կգ ազնվամորի- 3500 դրամ
բանան- չկա Արցախում
խնձոր- հազվադեպ է լինում
1 հատ կիտրոն-500 դրամ
1 կգ բալ – 1600-3500 դրամ

1 կգ հավ- 1500 դրամ
1 տուփ կանադական նրբերշիկ- 1000 դրամ
1 կգ սպրեդ- 1500 դրամ
1 տուփ փարիզյան սուրճ- 1000 դրամ
1 կգ պանիր-3400 դրամ
1 կգ բրինձ-1200-1600 դրամ
1 կգ հնդկաձավար- 1250 դրամ

1 հատ ձու-90
1 տուձ անձեռոցիկ- 450 դրամից է սկսվում
1 տուփ Ահմադ թեյ- 1100 դրամ

Ստացվում է՝ 5000 դրամով անգամ մեկ տոպրակ հնարավոր չի լինի լցնել Արցախում։ Նշենք, որ կտրոնով գնումների դեպքում ամեն անձնին հասնում է եղած ապրանքներից միայն 1 կգ-ի չափով, ոչ ավելին, այն էլ կարող ես գնումներ անել 15 օրը մեկ անգամ։