Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է գներալ–լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանի հարցազրույցին, որտեղ վերջինս հայտարարել է, որ այն դիրքերը, որոնք վերջին օրերին վերցրել ենք, մերն են եղել, իսկ Սեյրան Օհանյանի նախարար եղած ժամանակ թուրքը վերցրեց:
«Իմ ղեկավարության ժամանակ 3-րդ զորամիավորման հրամանատար են եղել գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը, այսօր ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, գեներալ-մայոր Գրիգոր Խաչատուրովը, եւ նրանցից յուրաքանչյուրի հրամանատարության ընթացքում որեւէ դիրքային նահանջ չի եղել։
Նրանցից յուրաքանչյուրից կարող եք ստանալ այդ հարցերի ստույգ պատասխանները։
Ինչպես նաեւ կարող եք հարցնել Տավուշի համայնքային ղեկավարներին, սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, թե ինչ աշխատանքներ են կատարվել այնտեղ իմ պաշտոնավարման ժամանակ։
Իսկ ես եւս մեկ անգամ պնդում եմ, որ իմ ղեկավարության տարիներին Հայաստանի Հանրապետության սահմանային դիրքերն անընդհատ բարելավվել են, միջդիրքային տարածություններում առաջ քաշվել, ինժեներական առումով՝ լայն թափով լրակահավորվել եւ բազմակի անգամ ամրապնդվել»:
Սեյրան Օհանյանը պահանջել է, որ հրապարակող լրատվամիջոցը հերքի և նյութը հեռացնի:











