Ինչու է Իսրայելը շարունակ զինում Ադրբեջանին․ պատճառները երկուսն են

24

Topcor.ru կայքը գրում է․

Իսրայելցի քաղաքական գործիչ, ռազմական փորձագետ, «Նատիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար Յակով Քեդմին անդրադարձել է Ադրբեջանին զինելու հարցում Իսրայելի երկու հիմնական դրդապատճառների մասին։

Ըստ նրա՝ Բաքվի հետ համագործակցության հարցում Թել Ավիվի հետաքրքրությունը զուտ առևտրային չէ։ Նախևառաջ, Ադրբեջանն Իսրայելին Իրանի հետ դիմակայության ճակատում որպես ֆորպոստ է անհրաժեշտ, չէ որ Անդրկովկասից Իսլամական պետության տարածքում հետախուզություն իրականացնող անօդաչու թռչող սարքերի թռիչքներ են իրականացվում։

Քեդմին նշել է, որ ռազմական առևտրի ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը երկարամյա հարաբերություններ են ունեցել։ Առաջին հերթին խոսքը 1,5 միլիարդ դոլար արժողությամբ իսրայելական անօդաչու թռչող սարքերի, էլեկտրոնային հետախուզական սարքավորումների, ինչպես նաև LORA հրթիռային համակարգերի մատակարարման մասին է։

Ադրբեջանի նկատմամբ Իսրայելի հետաքրքրության մեկ այլ գործոն է նաև ադրբեջանական կողմի մտերմությունը միջուկային ծրագիրը զարգացնող Իրանի հետ. Թել Ավիվը Թեհրանի միջուկային ծրագիրը որպես տարածաշրջանային պոտենցիալ սպառնալիք է դիտարկում։

Իրանին հակազդելուց բացի Իսրայելի՝ Ադրբեջանի զինման պատճառներից է նավթի մատակարարումը։

«Զենքի մատակարարման առաջին պատճառը նավթն է, այն յուրատեսակ փոխադարձ վճարման մի ձև է։ Այսինքն՝ նավթի համար վճարելու փոխարեն զենք են մատակարարում»,- ընդգծել է Յակով Քեդմին։

Միևնույն ժամանակ փորձագետը նշել է, որ ԼՂ հակամարտության մեջ իսրայելական զենքը որոշիչ դեր չի կատարում, քանի որ ադրբեջանցիներն օգտագործում են նաև թուրքական զենք, այդ թվում`անօդաչու թռչող սարքեր: