Հրեա ծայրահեղականները Երուսաղեմում խփել են հայ հոգևորականներին ու թքել նրանց վրա

23

Հրապարակը գրում է․

2023թ-ի հունվարի 8-ին հերթական միջադեպն է տեղի ունեցել Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց եկեղեցու հոգեւոր դասի նկատմամբ: Աթոռի Ժառանգավորաց հանդիսասրահից դեպի վանքի գլխավոր դարպասը գնալիս Միաբանության անդամներին են մոտեցել հրեա մի քանի ծայրահեղական երիտասարդներ,  թքել  նրանց վրա  ու փախել:

Սա առաջին դեպքը չէ, որ Երեւսաղեմի հայկական հոգեւոր դասը ենթարկվում է նման վերաբերմունքի: Գրեթե ամեն տարի լինում են նման տհաճ միջադեպեր, երբ ծայրահեղականները դիմում են նման սադրանքների՝ թքում են  հոգեւոր հայրերի, եկեղեցական գույքի, սուրբ գրքի, խաչի եւ այլ պարագաների վրա: Եղել են դեպքեր, երբ բանը հասել է մեծ ծեծկռտուքի, քանի որ մերոնք էլ անպատասխան չեն թողել  բռնարարների քայլերը: Նման միջադեպերը սովորական բնույթ են կրում  Երուսաղեմում ապրողների համար: 2015-ի Երուսաղեմի հայկական ճեմարանի սաները մենաստան գնալու ճանապարհին  դարձյալ հարձակման են ենթարկվել հրեա մի խումբ ծայրահեղական երիտասարդների կողմից: Երուսաղեմի ոստիկանությունը չի ցանկացել անգամ լսել միջադեպի մասին: Դեռ մի բան էլ ավելի՝ առնվազն 20 ոստիկան ապօրինաբար մտել են ճեմարան՝ ձերբակալելու երկու ուսանողներին, որոնց մեղադրել են իրենց վրա հարձակվածներից մեկի աչքին հարվածելու համար: Մի անգամ էլ բանը հասել է մարմնական վնասվածքներին. Երուսաղեմի հայոց պատրիարքության Սուրբ Հակոբյանց միաբանության անդամ հոգեշնորհ տեր Արբակ աբեղա Սարուխանյանի վրա հարձակվել են հրեա երիտասարդները։ Հարձակումը եղել է Սուրբ Հարության տաճարի ճանապարհին։

Հայր Արբակը ստացել է մարմնական վնասվածք և անմիջապես տեղափոխվել  է հիվանդանոց։ Հարձակվողները 7-ն են եղել: Հայր Արբակը հիվանդանոցում համապատասխան բուժում ստանալուց հետո դուրս է գրվել: 2022-ի փետրվարին  ծայրահեղականները մտել են հայկական սուրբ Հակոբյանց  եկեղեցու տարածք եւ փորձել են Իսրայելի դրոշը տեղադրել եկեղեցու վրա: Միջադեպը կանխվել է միայն ոստիկանների կողմից:

Չնայած հայ համայնքի և Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի բողոքներին, տեղի իշխaնություններն անտարբերություն են դրսևորում հրեա ծայրահեղականների նման քայլերի նկատմամբ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում