ՀՕՊ միջոցներն այսուհետ կկիրառվեն կառավարության որոշմամբ․ որն է նպատակը

295
ՀՕՊ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից տեղեկանում ենք, որ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կկատարվի. ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր նախագիծ է շրջանառության դրել:

Ըստ որի՝ 2001թ․ նոյեմբերի 20-ին ընդունված «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում պետք է լրացում մտցնել հետևյալ բովանդակությամբ.

«Պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:

Նշենք, որ 29-րդ հոդվածը սահմանում է ՀՕՊ զորքերի իրավասությունները պետական սահմանի պահպանության ոլորտում, որոնք են՝

ա) օդանավին կամ թռչող այլ սարքին առաջարկել պատասխանելու հարցման ազդանշաններին, հարցում կատարել Հայաստանի Հանրապետության օդային տարածք մտնելու նպատակների մասին:

բ) օդանավին կամ թռչող այլ սարքին առաջարկել փոխելու թռիչքի ուղղությունը դեպի թռիչքների համար առանձնացված օդային միջանցքներ, առաջարկել վայրէջք կատարելու միջազգային օդանավակայաններում, իսկ դրա անհնարինության դեպքում` մոտակա օդանավակայանում կամ համապատասխան այլ տարածքում:

գ) Հայաստանի Հանրապետության անվտանգությանն սպառնալու դեպքում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ թռչող այլ սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում: Եթե օդանավը կամ թռչող այլ սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ թռչող այլ սարքը:

Թե ինչով է պայմանավորված այս լրացումը, դեռ պարզ չէ: