Հոկտեմբերի 20-ի ԱԽ նիստում Փաշինյանը չի տեղեկացրել, որ ՌԴ նախագահից պատերազմը կանգնեցնելու առաջարկ է ստացել․ ԱԱԾ նախկին պաշտոնակատար

4395
Միքայել Համբարձումյան

Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 20-ի ԱԽ նիստում չի տեղեկացրել, որ ՌԴ նախագահից պատերազմը կանգնեցնելու առաջարկ է ստացել՝ չնայած և՛ Օնիկ Գասպարյանը, և՛ Դավիթ Տոնոյանը նիստի ընթացքում մանրամասն զեկուցել են, որ շանս չունենք, պարտվում ենք։ Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը՝ Արմնյուզ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա փոխանցմամբ՝ ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանն է նախ զեկուցել վիճակը եւ բոլորին հասականալի էր, որ պարտվում ենք, նույնը հաստատել է նաեւ պաշտպանության այն ժամանակվա նախարար Դավիթ Տոնոյանը։

Նիստին ներկա են եղել նաեւ հանրապետության նախագահն ու Վեհափառը, որը շատ անհանգստացած ելույթ է ունեցել, թե ինչ է լինելու արցախահայության ճակատագիրը։

ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանն այդ օրը չի ներկայացրել, որ Ռուսաստանի միջնորդությամբ կա պատերազմը դադարեցնելու համաձայնություն։ «Այդ ժամանակ դեռ չունեինք 5 հազար զոհ, Շուշին ու Հադրութի կեսը մերն էր»,- ասել է Համբարձումյանը՝ ավելացնելով, որ եթե Փաշինյանն այդ ժամանակ ընդուներ պատերազմը կանգնեցնելու առաջարկը հազարավոր զոհեր չէինք ունենա, եւ առաջինն ինքը կծափահարեր նրան։