Մինչ օրս պետական մակարդակով պարզաբանում չի տրվել Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի համայնքապետերին, թե ինչո՞ւ են այդ գյուղերը հանձնվել ադրբեջանական վերահսկողությանը։ Հին Թաղերի գյուղապետ Էդիկ Այվազյանը Lragir.am-ի հետ զրույցում ասաց, որ ոչ մի պարզաբանում չկա։
«Ոչ մի բան ոչ մենք ենք հասկացել, ոչ էլ իրենք են պարզաբանում մտցնում, թե զինադադարից 36 օր հետո ինչո՞ւ են հանձնվել այդ գյուղերը։ Մեր տղերքը ասացին, որ երբ թուրքերը եկել են, թուղթ են բերել, ասել՝ այս տարածքները մերն են, Հադրութը որ հանձնել եք, էս էլ ա մերը, պիտի գնաք»,- ասաց Էդիկ Այվազյանը։
Նրա խոսքով՝ Հին Թաղերում ու Խծաբերդում կանոնավոր բանակ չի եղել, կամավորներն ու ՄՈԲ-ի տղաներն են եղել։ Նրանք դիմադրություն են ցուցաբերել, բայց հնարավոր չի եղել ոչինչ անել։
«ՄՈԲ-ի տղերքն են եղել՝ իրենց ավտոմատներով, նորմալ զենք էլ չեն ունեցել։ Եվ համեմատած թուրքերին իրենք շատ քիչ են եղել։ Ո՞վ է ասում, որ նրանք դիմադրություն ցույց չեն տվել, 9 զոհ ունենք, տասնյակ գերիներ կան։ Իմ ունեցած տեղեկություններով՝ սկզբում թուրքերը հայերին կանչել են, ասել՝ էս տարածքը մերն է, ծախած ա, դուրս եկեք։ Տղաներն էլ դուրս չեն եկել, մտածել են՝ զինադադար է, ով որտեղ կանգնած է, այնտեղ պետք է մնա։ Թուրքերը գնացել են ու 1000-1200 հոգով հարձակվել են մեր 100-120 հոգանոց ՄՈԲ-ի խմբի վրա։ Մերոնք զոհ ու վիրավոր են տվել, վերջում էլ ռուսները եկել են, թուրքերը ռուսներին ցույց են տվել փաստաթղթերը, ասել են՝ էդ գյուղերը մերն են։ Ես չգիտեմ, թե դրանք ինչ թղթեր են, իմ իմանալով՝ քարտեզ են ցույց տվել, որի վրա դաժե հայկական գրառումներ են եղել, որ այդ տարածքները Ադրբեջանի կազմի մեջ պիտի մնան»,- մանրամասեց Հին Թաղերի գյուղապետը։
Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները ոչինչ չեն արել, ընդամենն ապահովել են, որ հայ զինծառայողների որոշ մասը դուրս գան այնտեղից։ «Տեսանյութեր էլ կան, որ ռուսներն ու թուրքերը կանգնած, մեր տղերքը դուրս են գալիս դեպի Լիսագոր»,- նշեց նա։
Էդիկ Այվազյանի խոսքով՝ խախտվել է եռակողմ հայտարարությունը։ «Եթե կնքվել է եռակողմ հայտարարություն, ըստ որի՝ կողմերը պետք է կանգնեն այն դիրքերում, որտեղ եղել են մինչև նոյեմբերի 10-ը, էդ ստորագրողը խի՞ տիրություն չի արել, որ մեր տղերքը իրենց տեղում մնային։ Անուններով ասե՞մ մեկ-մեկ, թե՞ կարող ա իմ հետևից էլ գան, ոնց որ մնացածներին են բռնում տանում։ Հին Թաղերն ու Խծաբերդն ուղղակի ծախել են, բացեիբաց, օրը ցերեկով տվել են թուրքին։ Դա ոչ մեկին պետք չի, ոչ հային, ոչ ռուսին, թուրքին ա պետք, տվել են թուրքին»,- հավելեց նա։
Այվազյանը նաև նշեց, որ այսօր այդ մասին արդեն չի էլ խոսվում։ «Քար լռություն է, նույնիսկ մամուլը չի խոսում, արդեն 4-5 օր է, ոչ մի զանգ, ոչ մի հարց չեն տալիս ինձ, մոռացության տվեցին, ոնց որ ըտենց էլ պիտի լիներ։ Տղերքը կանգեցին զոհվեցին, տասնյակ գերիներ ու վիրավորներ եղան, վերջում էլ նվիրատվություն արեցին թուրքերին։ Հիմա նույն իրավիճակը Սյունիքում չի կատարվո՞ւմ։ Ով որտեղ կար, էնտեղ պիտի մնար, հիմա ո՞նց ենք Սյունիքի մարզում տղերքին հետ բերել, Գորիս-Կապան ճանապարհի մի մասը տրամադրել թուրքին, էդ ո՞վ ա դրա տերը։ Անտեր ենք մենք էս երկրում, ուրեմն կամ պիտի հեղաշրջում արվի, կամ էլ անվստահություն պիտի հայտնենք էս երկրին, հեռանանք գնանք»,- ասաց նա։











