Հիմա գլխավորը անվտանգությունն է, հետո ճանաչումը․ Արցախի նախագահ

29

Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասուլիսի ընթացքում անդրադարձավ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե նախկին իշխանությունների օրոք բանակցությունների սեղանին դրված է եղել շրջանների վերադարձի հարցը, Արայիկ Հարությունյանն ասաց.

«Դա միայն Սամվել Բաբայանը չի ասել, մենք գիտենք, թե ինչ է քննարկվել Մադրիդյան սկզբունքների հետ կապված: Մադրիդյան սկզբունքներում կար հստակ երկու առաջարկություն, մի տարբերակը 5 շրջանի վերադարձ, այնուհետեւ կարգավիճակի քննարկում, մյուս տարբերակը կարծես թե 7 շրջանի վերադարձ, ինչ-որ միջանցք, ապա Ղարաբաղի անկախության ճանաչում, բայց ոչ Ադրբեջանի կողմից: Բայց ճանաչում, թե ոչ ճանաչում, ինձ համար կարեւոր չէ, կարեւորը մեր անվտանգությունն է: Իսկ նման պարագայում մեր անվտանգությունն ավելի խոցելի է դառնում:

Այդ առումով մենք այսօր չենք քննարկում որեւէ տարբերակ, որը կարոող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը: Մենք քննարկել ենք ՀՀ իշխանությունների հետ, մենք ունենք մեր դիրքորոշումը, մեր պատկերացումները: Նախկինում ավելի շատ խոսում էինք ինքնորոշման իրավունքի ճանաչման, հետո անվտանգության մասին: Հիմա ոչ, գլխավորը անվտանգությունն է: Եթե անվտանգության մի փոքր թուլացում լինի, անկախ նրանից, թե ճանաչման ինչ աստիճան ենք ունենալու, դա նշանակում է Արցախի վերջ: Մենք գիտենք, թե մեր թշնամին ով է: Մեր թշնամու համար որեւէ միջազգային նորմ ու կանոն գոյություն չունի»:

Նա ընդգծեց, որ այդտեղ որեւէ գաղտնիք չկա, դրա մասին հարցազրույցներում նշել է նաեւ Սերժ Սարգսյանը, սակայն փառք Աստծո, որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել: